Մատչելիության հղումներ

«Հարավկովկասյան երկաթուղու» տոմսերը թանկացել են մինչեւ 25 տոկոսով


«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ուղևորափոխադրումների տնօրինության պետ Գագիկ Մովսիսյանը Երեւան-Բաթումի գնացքի տոմսերի 1500-ից մինչեւ 4000 դրամով (կամ մինչեւ 25 տոկոսով) թանկացումը մեկնաբանում է շվեյցարական ֆրանկի թանկացման փաստով:

«Քանի որ ամբողջ աշխարհում երկաթգծի համար փոխարժեքը շվեյցարական ֆրանկն է, մեզ մոտ եւս հաշվարկը կատարվում է շվեյցարական ֆրանկով, հետո փոխարժեքով դառնում է դրամ: Քանի որ շվեյցարական ֆրանկը անցած տարվա համեմատ 25.9-ով թանկացել է, դրա համար գները մի փոքր ավելացել են», - ասաց Մովսիսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում` հավելելով. - «Մենք թանկացում չենք կատարել, մենք ստիպված եղանք փոխել տարիֆային քաղաքականությունը, որպեսզի ապահովենք գների որոշ իջեցում հունիս եւ սեպտեմբերին ամիսներին, քան լինելու է հուլիս, օգոստոս ամիսներին»:

Մովսիսյանի տեղեկություններով նախորդ տարի Հայաստանից դեպի Վրաստան է ուղեւորվել ընդհանուր առմամբ 80 հազար մարդ, որից 23 հազարին սպասարկել է երկաթուղին: Հարցին, թե տոմսերի անուղղակի թանկացման պատճառով ուղեւորահոսքը չի պակասի՞, Մովսիսյանը պատասխանեց. - «Քանի որ անցած տարի պահանջարկը շատ մեծ էր, չկարողացանք ամբողջությամբ բավարարել, այս տարի նախատեսում ենք մինչեւ 30-35 հազար ուղեւոր տեղափոխել` Հայաստանից դեպի ծովափ»:

Նախորդ տարի երկաթուղային կայարանում հսկայական հերթեր էին գոյանում, ավելին` երբեմն նույն տոմսը մի քանի անգամ էին վաճառում: Գագիկ Մովսիսյանը հավաստիացնում է, որ այս տարի նույնը չի կրկնվի:

«Այս տարի որոշում կայացվեց ստեղծել էքսպրես վաճառքի համակարգ, այն ներդրվել է արդեն, աշխատում է մայիսի 16-ից եւ կոչվում է «Օրիոն», որը պրակտիկորեն բացառում է տոմսերի կրկնակի վաճառքը եւ ապահովում է տոմսերի ձեւակերպման արագություն: Երբ գանձապահները քննություն էին հանձնում, 6 րոպեի ընթացքում ձեւակերպում էին 8 տոմս: Անցած տարիների ընթացքում, ձեռքով լրացնելու դեպքում, մեկ տոմսը ձեւակերպում էին մինչեւ 10-15 կամ 20 րոպեի ընթացքում», - ասաց Մովսիսյանը:

Պաշտոնյայի խոսքով` ներդրված ծրագիրը հնարավորություն կտա նաեւ խուսափել տոմսարկղերի մոտ մարդկանց կուտակումից: Այսուհետ հնարավոր չէ նախապես տոմսեր ամրագրել, սակայն կարելի է մեկնելուց առավելագույնը 40 օր առաջ գնել դրանք: Մովսիսյանը հավաստիացնում է, որ նախորդ տարվա համեմատ այս տարի Երեւանից դեպի Բաթումի գնացքը հասնում է 1.5 ժամ ավելի շուտ: Բացի այդ, ըստ նրա, աշխատանքներ են ընթանում Վրաստանի հետ` ուղեւորների տարանցիկ փոխադրման նպատակով:

«Կարող են Երեւանից շուտով ապահովել տոմսը Երեւան-Բաթումի, Բաթումի-Սոչի ուղությամբ: Այսինքն Երեւանից տոմսը գնեն, եթե ուզում են Ռուսաստան շարունակել ճանապարհը, ավելի էժան է լինելու, քան ինքնաթիռներով», - նշեց Մովսիսյանը:

Հիշեցնենք, որ 2008-2009 թվականներին «Հարավկովկասյան երկաթուղի»-ն որոշակիորեն թերացրել էր իր ստանձնած պարտավորությունների կատարման հարցում: Այդ մասին ժամանակին բարձրաձայնեց նաեւ Տրանսպորտի եւ կապի նախարարությունը: Այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նախարար Մանուկ Վարդանյանն ասաց, որ այս տարվա առաջին եռամսյակում եւս որոշակի խնդիրներ կան:

«Երկու ուղղությամբ են հիմնականում ներդրումներ անում, հիմնականում ենթակառուցվածքի եւ շարժակազմի, երկու ուղղությամբ էլ թերացումներ կան», - ասաց նախարարը:

Գագիկ Մովսիսյանը չժխտեց, որ ընկերությունը որոշ հարցերում թերացել է:

«Եղանակային պայմանները թույլ չէին տալիս աշխատանքեր կատարելու: Ձմռանը գծի վրա աշխատել հնարավոր չէ, գծի նյութերի ներկրում արդեն մեծ տեմպերով սկսվել է, աշխատանքները սկսվել են», - հավաստիացրեց Մովսիսյանը:

please wait

No media source currently available

0:00 0:03:53 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG