Մատչելիության հղումներ

Եվրախորհրդարանի հանձնաժողովում կկայանան Ղարաբաղի հարցով լսումներ


Եվրահանձնաժողովի շենքը Բրյուսելում
Եվրահանձնաժողովի շենքը Բրյուսելում
Չորեքշաբթի օրը Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում նախատեսված են լսումներ՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա իրավիճակին:

Եվրախորհրդարանի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն` Բրյուսելում կայանալիք լսումների ընթացքում ելույթ են ունենալու ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն, ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն, ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը, Հարավային Կովկասում Եվրամիության նախկին հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին: Ելույթներին հաջորդելու է հարց ու պատասխանը:

«Չնայած հրադադարի ռեժիմին` Հարավային Կովկասի այս տարածաշրջանում լարվածությունն աճում է: ԵԱՀԿ-ը` Մինսկի խմբում համանախագահող Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջոցով փորձում է կայուն խաղաղություն հաստատել այստեղ», - նշված է Եվրախորհրդարանի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:

Հաղորդագրությունը նաեւ հիշեցնում է, որ Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը անցած ամիս հարավկովկասյան այցի շրջանակներում եղել է Երեւանում ու Բաքվում: Այցի ընթացքում նա, կարեւորելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հայտարարել էր, որ Եվրամիությունը վճռականորեն աջակցում է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում եւ Մադրիդյան սկզբունքների հիման վրա:

Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայանալիք լսումները, փաստորեն, հաջորդում են Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հունիսի 11- ի մոսկովյան հանդիպմանը եւ նախորդում երեք երկրների նախագահների` հունիսի 25-ին Կազանում կայանալիք հանդիպմանը:

Արտգործնախարարների հանդիպումից հետո պաշտոնապես հայտարարվեց, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման Հիմնարար սկզբունքների մի շարք առանցքային հարցերի շուրջ հաջողվել է մոտեցնել դիրքորոշումները:

Այս առիթով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը օրերս Վրաստանում հայտարարել է, թե հանդիպման ժամանակ որոշ հարցեր իրենց լուծումը չեն գտել, բայց որոշ հարցերում առաջընթաց կա: «Թե ինչպես են անցել բանակցությունները՝ հայտնի կդառնա Կազանում երեք երկրների նախագահների հանդիպման ժամանակ: Հուսով եմ, այնտեղ նաեւ ակնհայտ կդառնա, որ հայերը խաղ չեն խաղում», - ասել է նա` կրկին վստահեցնելով, թե ստեղծված իրավիճակը լրիվ անընդունելի է, ոչ ոք այս ստատուս քվոն չի ընդունում: «Հայկական ուժերը պետք է դուրս գան օկուպացված տարածքներից, փախստականները վերադառնան իրենց հայրենի բնակավայրերը, վերականգնվեն հաղորդակցությունները, ինչից հետո կարող է որոշվել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը», - հավելել է Ադրբեջանի արտգործնախարարը:

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, իր հերթին, երեքշաբթի օրը հայտարարեց, որ բանակցությունների առաջին փուլը կարելի է համարել ավարտված միայն այն բանից հետո, երբ Ղարաբաղը նույնպես համաձայնություն տա հիմնարար սկզբունքների վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG