Մատչելիության հղումներ

Եվրադատարանը վճիռ է կայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության


Եվրադատարանի շենքը
Եվրադատարանի շենքը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մեկ շաբաթ առաջ վճիռ է կայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Առաջին անգամ բավարարվել է պետության կողմից հանրային գերակա շահ ճանաչված եւ քանդված տարածքի` Բուզանդի փողոցի 9 տան նախկին բնակիչներ Նելի Մինասյանի եւ Ելենա Սեմերջյանի հայցը:

Հայցվորների փաստաբանը` Լիզա Գրիգորյանը, «Ազատություն» ռադիոկայանին փոխանցելով այս տեղեկությունը, պարզաբանեց` Եվրադատարանը գտել է, որ տարածքում թույլ է տրվել սեփականության իրավունքի խախտում եւ որոշել է պետության կողմից վճարվելիք փոխհատուցման չափը:

«Հունիսի 7-ին դատարանը որոշեց, որ տալու է փոխհատուցում` 8 հազար եվրո տան դիմաց, եւ 4 հազար եվրո` որպես բարոյական վնասի փոխհատուցում: Այսինքն` 12 հազար ընդհանուր», - ասաց փաստաբանը:

Լիզա Գրիգորյանը պնդում է, որ դատարանի առաջարկած փոխհատուցումը չնչին է` իրենք պահանջել էին մոտ 200 հազար եվրո` 133 հազարը բնակարանի դիմաց, մնացածը` որպես երկու դիմումատուների կրած բարոյական վնասի փոխհատուցում. - «Շատ վտանգավոր է դատարանի պատճառաբանությունը, թե քանի որ բնակարանը չկա` հնարավոր չէ կոնկրետ որոշել ինչ արժե, դրա համար որոշում է այդպես»:

Փաստաբանի մեկնաբանությամբ, սա նշանակում է, որ պետությունը կարող է ցանկացած անձի զրկել իր սեփականությունից, քանդել, որից հետո հնարավոր չի լինի այդ բնակարանի իրական գինը որոշել:

«Կստացվի, որ դատարանը ինչ-որ սիմվոլիկ գումար կորոշի, ինչպես որ այս գործով է արել», - դժգոհեց Բուզանդի 9 տան նախկին բնակիչների փաստաբանը:

Պետությունը 2004 թվականին իրացման գոտու բնակիչներին իրենց 26 քառակուսի մետր սեփականության դիմաց առաջարկել է 7 հազար դոլար գումար: Եվս 6 հազար դոլար պետությունը պատրաստ է եղել վճարել բնակարանը արագ ազատելու դիմաց` իբրեւ խրախուսում: Փաստաբանի պնդմամբ, այդ գումարով 2004 թվականին հնարավոր չի եղել բնակարան գնել, այդ իսկ պատճառով Բուզանդի փողոցի 9 տան բնակիչները հրաժարվել են վերցնել առաջարկվող գումարները, սպառել են հայաստանյան դատական ատյաններն ու դիմել Եվրադատարան:

please wait

No media source currently available

0:00 0:03:51 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG