Մատչելիության հղումներ

Լոնդոնում անցկացվեց առաջին հայկական բացօթյա փառատոնը


Առաջին հայկական բացօթյա փառատոնը Լոնդոնում, 12-ը հունիսի, 2011թ.
Առաջին հայկական բացօթյա փառատոնը Լոնդոնում, 12-ը հունիսի, 2011թ.
Կիրակի օրը Լոնդոնի Քենսինգթոն թաղամասում անցկացվեց առաջին հայկական բացօթյա փառատոնը:

26 տաղավարներում Բրիտանիայի հայկական կազմակերպություններն ու անհատները ներկայացնում էին իրենց գործունեությունը` ձեռագործ, ուտեստներ, նկարներ, գրքեր, երգ ու պար, անգամ` նարդու առաջնություն:

«Փառատոնը մեր Առաջնորդարանի ծրագիրն է, եւ նպատակն է` մեր ժողովրդի համար օր ստեղծել, որպեսզի տոնենք մեր ինքնությունը, մեր մշակույթը, մեր այբուբենը, մեր երգ ու պարը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Հայ Առաքելական եկեղեցու Բրիտանիայի թեմի առաջնորդ Վահան ծայրագույն վարդապետ Հովհաննիսյանը` հավելելով. - «Ընդհանրապես, դժբախտաբար, օտար ափերի վրա հայությունը հիշվում է միայն Ցեղասպանության հետ, եւ, անշուշտ, Ցեղասպանությունը սեւ էջ է մարդկության պատմության գրքում, բայց մենք միայն ցեղասպանված ազգ չենք»:

Թեեւ եղանակը տիպիկ լոնդոնյան էր` քամոտ ու անձրեւային, Այվերնա Գարդեն կոչվող բակը, որտեղ գտնվում են Առաջնորդարանն ու Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին, մարդաշատ էր: Հայր Վահանի խոսքով` առաջին հայկական փառատոնը հետաքրքրել է թե' հայերին, թե' օտարներին:

Սեղանիկներից մեկի մոտ հյուրերի հետ ակտիվորեն զրուցում էր բարոնուհի Քերոլայն Քոկսը: Նա ներկայացնում էր իր գլխավորած բարեգործական կազմակերպության ծրագրերը Հայաստանում ու Արցախում:

«Մենք նախատեսում ենք ուխտագնացություն դեպի Ղարաբաղ այս հուլիսին եւ խրախուսում ենք մարդկանց միանալ մեզ: Շատ կուզենք, որ ե'ւ հայեր լինեն, ե'ւ այլազգիներ: Տասը տարի առաջ նման ուխտագնացություն կազմակերպեցինք Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի առիթով եւ 12 տարբեր երկրներից մասնակիցներ ունեինք: Այսօր էլ մարդիկ հետաքրքրված են, հարցնում են: Անգամ եղանակը չի խանգարում, որ մասնակցեն փառատոնին: Ոչինչ չի կարող մարել հայկական ոգին», - ասաց բարոնուհի Քոկսը:

Օրվա երկրորդ կեսին անձրեւը դադարեց, եւ պարային խմբերը նույնպես կարողացան ելույթ ունենալ: Փառատոնին մասնակցում էր նաեւ Beautified Project հայկական ռոք խումբը:

Կազմակերպիչների խոսքով` իրենք նախատեսել էին մոտ 500 այցելու, ու չնայած եղանակին` այցելուների թիվը սպասվածից ավելի էր, ինչը երաշխիք է, որ հայկական բացօթյա փառատոնը կդառնա ամենամյա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG