Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում հայկական հանցախմբի պարագլուխը խոստովանել է իր մեղքը


Ամերիկացի իրավապահները վերլուծում են հայկական հանցախմբի մշակած զեղծարարության սխեման, արխիվ
Ամերիկացի իրավապահները վերլուծում են հայկական հանցախմբի մշակած զեղծարարության սխեման, արխիվ
Ամերիկայի Միացյալ Նահանգներում անցած տարվա աշնանը բացահայտված հայկական հանցավոր խմբավորման պարագլուխ, «Պզո» մականունով հայտնի Արմեն Ղազարյանը դատարանի առաջ մասամբ խոստովանել է իր մեղքը:

New York Daily News գործակալության փոխանցմամբ, քրեական հեղինակություն համարվող «Պզոն» մեղադրող կողմի հետ համաձայնության է եկել եւ արարքը լիարժեք խոստովանելու դեպքում նրան հասանելիք պատժաչափը կկրճատվի մինչեւ 3 տարվա ազատազրկում։

Արմեն Ղազարյանին եւ հանցավոր խմբավորման մյուս առանցքային դերակատարներին սպառնում էր մինչեւ ցմահ ազատազրկում` բժշկական ապահովագրության բնագավառում զանգվածային խարդախությունների, փաստաթղթերի կեղծման, մեքենայությունների համար։

Նախօրեին Մանհեթենի դաշնային դատարանում Ղազարյանը խոստովանել է, որ ահաբեկել է մարդկանց եւ այլ հանցագործություններ է գործել:

«Ես հանցավոր համաձայնության եմ եկել եւ ներգրավված եմ եղել ծրագրում», - թարգմանչի միջոցով հայտարարել է նա։

Հաջորդ շաբաթասկզբին կայանալիք դատական նիստում Արմեն Ղազարյանը կշարունակի ցուցմունք տալ, քանի որ նախորդ դատական նիստում ցուցմունքը կիսատ է մնացել` հայերենից անգլերեն թարգմանչական խնդիրների պատճառով, քանի որ Ղազարյանը հայերեն է խոսում դատարանում։ Դատարանում նրա շահերը հայտնի փաստաբան Մարկ Գիրագոսն է պաշտպանում։

ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալները անցած տարվա հոկտեմբերին ձերբակալեցին 47-ամյա Արմեն Ղազարյանին եւ խմբավորման շուրջ 7 տասնյակ անդամների: Մեղադրական եզրակացության մեջ նշված է, որ նրանք երկրի 25 նահանգներում 118 գոյություն չունեցող կլինիկաներ են գրանցել, ապօրինի ճանապարհներով ձեռք են բերել հիվանդների անձնական տվյալներ եւ այդ տվյալներն ուղարկելով բժշկական ապահովագրական ընկերություններին, գումարներ են ստացել ՝ չկատարված բժշկական ծառայությունների համար։

Ընդհանուր առմամբ, խմբավորումը ԱՄՆ կառավարությանը շուրջ 160 միլիոն դոլարի վնաս է հասցրել։

Խմբավորման անդամներից երկուսը՝ Ռաֆիկ Թերջանյանը եւ Կարեն Ահարոնյանը արդեն գործով իրենց մեղավոր են ճանաչել:

Արմեն Ղազարյանի մասով մեղադրանքում նշված է, որ նա ապրում է Լոս Անջելեսում, որտեղ, օգտվելով քրեական աշխարհում ունեցած իր հեղինակությունից, մշտապես ինչ-որ խմբավորումների միջեւ վեճեր է հարթել Միացյալ Նահանգների տարածքում եւ ԱՄՆ-ի սահմաններից դուրս, բայց երբեւէ հանցանք չի գործել։

Նա ԱՄՆ-ի քաղաքացի է: Հայաստանում ապրելու տարիներին եւս դատված չի եղել՝ ըստ Հայաստանի ոստիկանության տեղեկատվության։

Այս հանցախմբի անդամների ձերբակալություններին հաջորդել էր ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի ներկայացուցիչների այցը Հայաստան: Այդուհանդերձ, Գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Շահեն Տոնոյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ Գլխավոր դատախազությունը ԱՄՆ-ի քննչական մարմիններից հայկական հանցախմբի հարցով իրավական փոխօգնության վերաբերյալ որեւէ միջնորդագիր կամ հարցում չի ստացել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG