Մատչելիության հղումներ

ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրում է սուրճի շուկան


Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) ուսումնասիրություններ է անցկացրել սուրճի շուկայում եւ պարզել այդ շուկայում գերիշխող դիրք ունեցող ընկերություններին:

Սուրճի շուկայում ՏՄՊՊՀ ուսումնասիրությունները բաժանվում են երկու մասի` հատիկավոր եւ աղացած սուրճ: Վերջինում գերիշխող են ճանաչվել «Ալեքս գրիգ», «Արմեն-Համիկ» եւ «Ռոյալ Արմենիա» ընկերությունները, որոնք, ըստ հանձնաժողովի, իրացման ծավալներով միասին զբաղեցնում են այս շուկայի մոտ 73 տոկոսը: Հատիկավոր սուրճի շուկայում գերիշխող դիրք ունեն «Կաֆե դյու բրազիլ», «Գրանդ Քենդի» եւ «Վիվա Արգո» ընկերությունները, որոնք իրացման ծավալներով զբաղեցնում են շուկայի ավելի քան 86 տոկոսը:

ՏՄՊՊՀ անդամ Դավիթ Հովհաննիսյանի խոսքով` սուրճի շուկայում ուսումնասիրություն սկսելու հիմքը սուրճի որոշակի գնային փոփոխություններն են (օրինակ, աղացած սուրճը տարեսկզբից թանկացել 24 տոկոսով):

«Հետեւաբար հանձնաժողով չէր կարող չանդրադառնալ այս շուկայի ուսումնասիրությանը, առավել եւս որ նման ուսումնասիրություն անցկացվել է 2006 թվականին: Բացի այս երկու շուկաներից, ընդունված նոր օրենքի համաձայն հանձնաժողովը գերիշխող դիրք ունեցող ճանաչեց նաեւ մանրածախ ցանցում գործունեություն իրականացնող մի շարք տնտեսվարող սուբյեկտների: Դրանք այն ընկերություններն են, որոնք ունեն 4 եւ ավելի խանութների ցանց», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը:

Հարցին, թե ո՞րն է մանրածախ առեւտրի ցանցում գործունեություն իրականացնող սուբյեկտներին գերիշխող ճանաչելու նպատակը, հանձնաժողովի անդամը պատասխանեց. - «Քանի որ մոնիտորինգը իրականացվում է հիմնականում ցանցային համակարգ ունեցող ընկերությունների մոտ, հաճախ ներկրող ընկերությունները գնի բարձրացումը հիմնավորում են խանութներով, իսկ խանութները շատ հաճախ հակառակը, եւ այստեղ շղթան որոշակի բաց սահման ուներ: Հիմա այս պարագայում մենք թե' ներկրող գերիշխող, թե' մանրածախ ցանցում իրացնող գերիշխող ունենք»:

Այդուհանդերձ, ըստ Հովհաննիսյանի, գների բարձրացում նկատվում է նաեւ միջազգային շուկայում, սակայն հանձնաժողովի վերլուծաբանները դիտարկում են թե' միջազգային շուկայում, թե' տեղական ընկերությունների կողմից իրականացված գների փոփոխությունները:

«Այսինքն հանձնաժողովի հաջորդ քայլը պետք է լինի ուսումնասիրել, թե արդյոք գների փոփոխությունը պայմանավորված է միայն միջազգային շուկայում գների փոփոխությամբ, թե կան նաեւ այլ գործոններ», - ասաց ՏՄՊՊՀ անդամը:

Եթե ուսումնասիրությունների արդյունքում պարզվի, որ գերիշխող դիրք ունեցող ընկերությունները սուրճի գներն անհիմն են բարձրացրել, ապա, ըստ Հովհաննիսյանի, բավականին մեծ չափերի հասնող տուգանքներ կնշանակվեն:

«Համաձայն նոր օրենքի` բացի տուգանքներից նաեւ չարաշահման հետեւանքով ստացված հավելյալ շահույթները կգանձվեն պետբյուջե », - ասաց նա:

Աղացած սուրճի շուկայում գերիշխող ճանաչված «Ռոյալ Արմենիա» ընկերության ներկայացուցիչ, փաստաբան Գեւորգ Մինասյանի կարծիքով, հանձնաժողովի հրապարակած թվերը հիմնավորված չեն: Մինասյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ նույնիսկ հանձնաժողովի նիստում միջնորդել է հարցը հանել քննարկումից, սակայն հանձնաժողովը դեմ է քվեարկել միջնորդությանը:

«Իմ միջնորդությունը ես հիմնավորեցի նրանով, որ հանձնաժողովը հարցը նախապատրաստելու ընթացքում ընկերությանը մասնակից չի դարձրել, եւ այն, ինչ հիմա հրապարակվում է, առաջին անգամ ենք լսում եւ չգիտենք` ինչի մասին է», - ասաց Մինասյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչո՞վ է բացատրվում գների բարձրացումը, գոնե «Ռոյալ Արմենիա»-ի մասով, ընկերության փաստաբանը ասաց, թե չի կարող այդ հարցին պատախանել, քանի որ դա «տնտեսական բնույթի հարց է» եւ ինքը չի տիրապետում այդ տեղեկությանը:

Իսկ հանձնաժողովի որոշման մեջ Մինասյանը` որպես իրավապաշտպան տեսնում է կոռուպցիոն ռիսկեր:

«Այսօր ես տեսա մի նոր մարմին, որտեղ կոռուպցիոն ռիսկերը իրենց գործունեության առումով չափազանց մեծ են, եթե նույն խախտման համար նախատեսվում է տուգանք 5 միլիոնից մինչեւ 200 միլիոնի չափով, սա ոչ այլ ինչ, քան կոռուպցիոն չափազանց մեծ ռիսկ», - ասաց Մինասյանը:

please wait

No media source currently available

0:00 0:04:54 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG