Մատչելիության հղումներ

Մինսկի խմբի համանախագահները հույսեր են կապում Կազանի հանդիպման հետ


Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ռոբերտ Բրադկեն եւ Բեռնար Ֆասիեն (ձախից աջ)
Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ռոբերտ Բրադկեն եւ Բեռնար Ֆասիեն (ձախից աջ)
Նրանց խոսքով, հունիսի վերջին Կազանում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կարող են հավանություն տալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերջնական փաստաթղթին:

«Մենք հույս ունենք, որ նախագահների` Կազանում կայանալիք առաջիկա հանդիպմանը կողմերը հավանություն կտան կարգավորման համար առաջարկվող փաստաթղթի արդեն վերջնական տարբերակին: Խոսքն այն փաստաթղթի մասին է, որը կողմերին է առաջարկվել մոտ երեք ամիս առաջ` Սոչիում», - այսօր առավոտյան Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ ավելի քան մեկ ժամ տեւած հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն:

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի միջնորդությամբ Կազանում հունիսի 25-ին նախատեսված է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցի շուրջ:

Քննարկվող փաստաթղթի մասին իր նկատառումները հայտնեց նաեւ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը` նշելով, թե որոշ հարցեր դեռեւս հղկման ու փոխհամաձայնեցման կարիք ունեն:

«Դրանցով զբաղվում են կողմերի արտգործնախարարները, եւ հնարավոր է, որ մինչ Կազանի հանդիպումն այդ աշխատանքներն ավարտված կլինեն», - հայտարարեց Պոպովը:

Ընդգծելով միջնորդ երկրների ղեկավարների Դովիլյան հայտարարության կարեւորությունը, որում, Պոպովի հիշեցմամբ, խոսվում է վերջնական կարգավորմանը միտված աշխատանքներն արագ ավարտին հասցնելու եւ հարցը խաղաղ ճանապարհով լուծելու անհրաժեշտության մասին, ռուսաստանցի համանախագահը հույս հայտնեց, թե այդ հայտարարությունը լրացուցիչ ազդակ կհաղորդի բանակցային գործընթացին:

«Նաեւ հույս ունենք, որ որ Կազանում կողմերը կառուցողական մոտեցում կցուցաբերեն», - հավելեց Իգոր Պոպովը:

Հիշեցնենք, որ մայիսի 26-ին ֆրանսիական Դովիլ ավանում ընթացող «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահները համատեղ հայտարարություն էին ընդունել Լեռնային Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ` կոչ անելով «քաղաքական կամք ցուցաբերել եւ հունիսին կայանալիք իրենց գագաթնաժողովի ընթացքում ավարտին հասցնել կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքը»։

Ստեփանակերտում հայտարարությամբ հանդես եկավ նաեւ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն` ընդգծելով, որ միջնորդներն ու, մասնավորապես, ամերիկյան կողմը կտրականապես դեմ է հարցը ուժային եղանակով լուծելու ցանկացած փորձի:

«Պատերազմը կարգավորման չի բերի, այլ միայն կհանգեցնի նոր զոհերի ու մարդկային նոր տառապանքների», - հավելեց Բրադկեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG