Մատչելիության հղումներ

Մամեդյարով. «Համաձայնություն է ձեռք բերվել Ղարաբաղում խաղաղապահ ուժերի մասին»


Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարով, արխիվային լուսանկար
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարով, արխիվային լուսանկար
Համաձայնություն է ձեռք բերվել խաղաղապահ ուժերի մասին, որոնք տեղակայվելու են Լեռնային Ղարաբաղում, այսօր լրագրողներին հայտնել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

Այդ ուժերը, ըստ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի, չեն լինելու ո'չ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահող երկրներից, ո'չ էլ տարածաշրջանի երկրներից:

Մամեդյարովի խոսքերով` Ղարաբաղում խաղաղապահ ուժերի տեղակայումը ներառվել է հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների մեջ:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը պետք է իրականացվի փուլ առ փուլ, եւ բոլոր փուլերը փոխկապակցված են», - «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ` ասել է Ադրբեջանի արտգործնախարարը` մանրամասնելով. - «Կանադայում անցկացված Մեծ ութնյակի հանդիպմանը սահմանվեցին այդ հարցի կարգավորման հիմնական սկզբունքները. առաջին հերթին, օկուպացված տարածքներից պետք է դուրս բերվեն հայկական զորքերը, պետք է բացվեն բոլոր հաղորդակցությունները եւ ճանապարհները, այնուհետեւ պետք է վերականգնվեն ավելի վաղ օկուպացված տարածքները, հարկադրաբար տեղահանվածները պետք է վերադառնան հայրենի հողերը, եւ պետք է տեղակայվեն խաղաղապահ ուժեր»:

Նա հայտնել է, որ նախօրեին Բաքու ժամանած ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները նոր առաջարկներ չեն բերել: Հանդիպումների ժամանակ, ըստ Մամեդյարովի, հերթական անգամ միջնորդներին է ներկայացվել Ադրբեջանի դիրքորոշումը:

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ասել է նաեւ, թե պատերազմը կանխելու համար հայկական զինված ուժերը պետք է դուրս բերվեն «օկուպացված տարածքներից»:

«Բազմիցս հայտարարվել է դիպուկահարներին հեռացնելու անհրաժեշտության մասին, բայց եթե Հայաստանի զինված ուժերը դուրս բերվեն այդ տարածքներից, դիպուկահարները եւս կփոխեն իրենց դիրքը», - հայտարարել է Մամեդյարովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG