Մատչելիության հղումներ

Վերլուծաբանը խոսում է ղարաբաղյան կարգավորման «բացառիկ հնարավորության» մասին


Վերլուծաբան Արիել Քոհեն
Վերլուծաբան Արիել Քոհեն

Ամերիկյան Heritage վերլուծական կենտրոնի փորձագետ Արիել Քոհենը ադրբեջանական Day.az կայքին տված հարցազրույցում խոսել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման «բացառիկ հնարավորության» մասին:

Միաժամանակ, ամերիկացի վերլուծաբանը, Day.az-ի վկայությամբ, կարծիք է հայտնել, որ հայկական կողմը կարող է կորցնել այդ հնարավորությունը, քանի որ «ավելի անզիջում է»:

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը շատ լավ հարաբերություններ է հաստատել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երեք երկրներից երկուսի` Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի եւ Հիլարի Քլինթոնի հետ, ասել է Քոհենը: Անցած ուրբաթ օրը Մամեդյարովը Վաշինգտոնում բանակցել է Քլինթոնի հետ։ Պետքարտուղարը ռազմավարական է որակել երկու երկրների համագործակցությունը։

Քոհենի համոզմամբ` Հիլարի Քլինթոնը գիտակցում է, որ Հայաստանը կարող է կորցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բացառիկ հնարավորությունը։ Դա է, ըստ Քոհենի, 2000 թվականին Քեմփ Դեւիդում տեղի ունեցել Պաղեստինի հետ, երբ Յասիր Արաֆաթը բաց թողեց Իսրայելի հետ խնդիրները կարգավորելու հնարավորությունը եւ հետագայում ափսոսանքով է խոսել այդ մասին։

Արիել Քոհենն ասել է, թե այն ժամանակ Հիլարի Քլինթոնը իր ամուսնու` ԱՄՆ-ի նախագահ Բիլ Քլինթոնի կողքին էր, նա դարձել էր ականատեսը այն բանի, թե ինչպես էր նախագահը իսրայելցիներին համոզում բավարարել պաղեստինցիների պահանջների 90 տոկոսը։

Հայերը, մինչդեռ, «ավելի անզիջում են եւ 100 տոկոս արդյունքի են ձգտում», ինչի հետեւանքով կարող են զրկվել կարգավորման հնարավորությունից, վերլուծաբանի խոսքերն է փոխանցում ադրբեջանական լրատվամիջոցը:

Այնուամենայնիվ, Քոհենի կարծիքով, Կազանում կայանալիք Սերժ Սարգսյան - Իլհամ Ալիեւ - Դմիտրի Մեդվեդեւ եռակողմ հանդիպման ընթացքում կողմերը կարող են համաձայնեցնել հիմնարար սկզբունքները։

Ամերիկացի փորձագետը ընդգծել է նաեւ, որ չնայած Հայաստանի անվտանգության երաշխավորի իր դերին` Ռուսաստանը կողմնակալ չէ եւ ազնիվ միջնորդի դեր է կատարում Ղարաբաղի խնդրում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG