Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն երկխոսության նպատակով պատվիրակություն չի կազմելու


Նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) երկուշաբթի օրը պաշտոնապես հայտարարեց, որ Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) հետ երկխոսելու նպատակով պատվիրակություն չի կազմելու:

Մասնավորապես, կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը, այսօր հրավիրած ասուլիսում ներկայացնելով կուսակցության պաշտոնական դիրքորոշումը, ասաց, թե պատվիրակություն ստեղծելու հարց Հանրապետականի օրակարգում
Գալուստ Սահակյան

չկա եւ անգամ քննարկման ենթակա չէ: Իշխող Հանրապետականը ունի իր գործադիր մարմնի կառույցները, իր խորհուրդը եւ պատրաստ է այդ մակարդակով երկխոսել, բայց որ առանձին պատվիրակություն կազմեն` Գալուստ Սահակյանի խոսքերով, «դա ուղղակի ծիծաղելի է»:

«Հայ ազգային կոնգրեսն ասում է` «մենք 5 հոգով ենք ուզում առաջարկություններ անել», մենք էլ ասում ենք` «պատրաստ ենք, մենք ունենք մեր գործադիր կառույցները, խնդրեմ, ե՞րբ եք ուզում, ո՞ր ժամին եք ուզում», - նշեց իշխող կուսակցության փոխնախագահը:

Այսօր նույն խնդրին է անդրադարձել նաեւ Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը` իր տարածած հաղորդագրության մեջ վստահեցնելով, որ Հայաստանի համապատասխան պետական կառույցները, գերատեսչությունները պատրաստ են շահագրգիռ քննարկման եւ համատեղ լուծումների տնտեսական, սոցիալական, քաղաքական, աշխարհաքաղաքական կամ ցանկացած այլ ոլորտի վերաբերյալ Հայ ազգային կոնգրեսի բոլոր առաջարկների շուրջ` «քանի հոգանոց խմբերով էլ ներկայացվեն»:

«Ավելին ասեմ, Հայ ազգային կոնգրեսի` որպես արտախորհրդարանական ընդդիմության բոլոր այն առաջարկները, որոնք, իրատեսական լինելով, կօգնեն մեր ժողովրդի հոգսերն օր առաջ թեթեւացնելու գործին եւ կպահանջեն օրենսդրական լուծումներ, Հանրապետական կուսակցությունը պատրաստ է նրանց անունից դրանք հնչեցնելու ու պաշտպանելու Ազգային ժողովում», -
Էդուարդ Շարմազանով

հայտարարում է Շարմազանովը:

Ինչ վերաբերում է Հայ ազգային կոնգրեսի` արտահերթ ընտրությունների պահանջին, ապա Հանրապետականի խոսնակը ընգծում է. - «Արտահերթ ընտրությունների առաջարկը որքան անհիմն է, այնքան էլ վնասակար` սկսված դրական զարգացումներն առաջ տանելուն արգելակելու տեսանկյունից: Ընդդիմադիր դաշտի մոնոպոլիստի դիրքերից ոչ մի տեղ չտանող առաջարկություններով հանդես գալով` չեմ կարծում, թե ՀԱԿ-ը կկարողանա դրական ներդրում ունենալ մեր ժողովրդին հուզող խնդիրների լուծման գործում: Իշխանությունն իսկապես կառուցողական է տրամադրված եւ նույնն իրավունք ունի նաեւ ակնկալել ՀԱԿ-ից»:

«Եթե որեւէ պատասխան պետք է լուրջ ընդունենք. ապա դա պետք է լինի պատասխան Սերժ Սարգսյանի կողմից»

«Ասելով երկխոսություն իշխանությունների հետ, մենք նկատի ունենք գործող իշխանություններին` ի դեմս Սերժ Սարգսյանի: Բայց մինչեւ այսօր իշխանություններից` ի դեմս Սերժ Սարգսյանի կամ նրա կողմից լիազորված որեւէ անձի, մենք որեւէ պատասխան չունենք», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը:

Ինչ վերաբերում է Հանրապետական կուսակցության փոխնախագահների, ինչպես նաեւ կուսակցության խոսնակի պաշտոնական հայտարարություններին, ապա Կոնգրեսը, ըստ
Լեւոն Զուրաբյան

Զուրաբյանի, չի դիտարկում դրանք իբրեւ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից լիազորված անձանց տեսակետ:

«Եթե որեւէ պատասխան պետք է լուրջ ընդունենք, ապա դա պետք է լինի պատասխան Սերժ Սարգսյանի կողմից կամ նրա լիազորած անձի կողմից», - ընդգծեց Հայ ազգային կոնգրեսի համակարգողը:

«Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե ՀԱԿ-ը դեռ որքա՞ն է պատրաստ սպասել երկխոսության շուրջ Սերժ Սարգսյանի պատասխանին, Լեւոն Զուրաբյանը արձագանքեց. - «Կներեք, մենք ոչինչ չենք սպասում: Լինելով մեր խոսքի տերը` մեր պատրաստակամություն ենք հայտնել երկխոսության համար: Երկխոսության համար անհրաժեշտ է երկու կողմի համաձայնությունը: Մեր կողմից այդ համաձայնությունը տրված է եւ արված են գործնական քայլեր: Իշխանությունների կողմից դեռեւս համաձայնություն չի տրված եւ չկան գործնական քայլեր: Եթե նրանք ցանկանում են, ապա այդ երկխոսությունը կկայանա, եթե ոչ` ուրեմն չի կայանա»:
please wait

No media source currently available

0:00 0:04:38 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG