Մատչելիության հղումներ

Հունիսի 3-ի մամուլ


«Հրապարակ»-ի խմբագիրը գրում է. - «Ըստ էության, ե'ւ իշխանությունը, ե'ւ ընդդիմությունը իրենց գործողությունները կազմակերպելիս երբեք չեն առաջնորդվում ժողովրդի կարծիքով: Ընդհանրապես, Հայաստանում հասարակական կարծիքի ուսումնասիրության, այդ կարծիքը հաշվի առնելու ավանդույթ այդպես էլ չձեւավորվեց: Որոշ ժուլիկներ, իհարկե, պարբերաբար հրապարակում են, թե՝ ժողովուրդն այսպես է մտածում, այս է ուզում, սակայն վստահ կարելի է պնդել, որ դրանք ոտից գլուխ սարքովի են՝ սրա-նրա շահերի սպասարկմանն ուղղված: Այնպես որ, ոչ մեկին հայտնի չէ, թե ինչ է ուզում, ասենք, Իջեւանի Աչաջուր գյուղի բնակիչը, ինչ պահանջ ու պատվեր ունի՝ ուղղված իր իշխանությանն ու ընդդիմությանը: Դա է պատճառը, որ ոչ ոք չի կարող ասել՝ համաձա՞յն է արդյոք ժողովուրդն իշխանություն-ընդդիմություն երկխոսությանը»:

«Առավոտ»-ի խմբագիրը փորձում է մեկնաբանել սոցիալական ցանցերում տարածված «պուտինահայ» տերմինը. - «Եթե կարճ, ապա «պուտինահայը» կոշտ, ավտորիտար, պուտինյան Ռուսաստանի արժեքների վրա կողմնորոշված հայաստանցին է: Պունիտյան շրջանը առանձնանում է տնտեսական լավ ցուցանիշներով, որոնք պայմանավորված էին նավթի բարձր գներով եւ տնտեսական ճգնաժամի բացակայությամբ: Դա մեծ չափով բարերար էր ազդում նաեւ Հայաստանի տնտեսական վիճակի վրա, քանի որ մեր խոպանչիների, հավանաբար, 90 տոկոսը աշխատում է Ռուսաստանում եւ, լավ եկամուտներ ստանալով, կարողանում էր դրանց մի մասը ուղարկել իր հարազատներին: Պուտինյան Ռուսաստանի կարեւորագույն «նվաճումներից» է ընդդիմության ոչնչացումը որպես ինստիտուտ: Երբ չկա սոլիդ, համակարգային ընդդիմություն, փողոց են դուրս գալիս մարգինալ, ոչ ադեկվատ մարդկանց փոքր խմբեր, որոնց Ռուսաստանում անվանում են «դեմշիզա»: Հայաստանում էլ նույնը կլիներ, եթե քաղաքականություն չվերադառնար Լեւոն Տեր-Պետրոսյանը: Չնայած հանուն արդարության պետք է ասել, որ ՀԱԿ-ի որոշ մասում էլ կան «շիզա»-ի տարրեր»:

«Երկիր» թերթի թղթակիցը ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին հարցնում է. - «ՀԱԿ-ի վերջին հանրահավաքում Կոնգրեսի առաջնորդը նշեց, թե որոշ քաղաքական ուժեր, այդ թվում՝ Դաշնակցությունը, անհանգստանում են ՀԱԿ-իշխանություն երկխոսությունից: ՀՅԴ-ն ունի՞ անհանգստանալու պատճառներ»: Պատասխան. – «Մեզ առճակատումն էր մտահոգում եւ ոչ թե երկխոսությունը, սակայն այս ամենը չի կարելի միայն «երկխոսություն» բառով բացատրել: Տեր-Պետրոսյանն իր տակտիկայի մեջ հիմնական փոփոխություն մտցրեց եւ ինքը չի ուզում անկեղծանալ ու ասել, թե ինչո՞ւ: Այս փոփոխությունների համար գուցե կային մի շարք պատճառներ: Ելույթում մի վտանգավոր հարց էլ կար. այն է, որ ասում են` Սերժ Սարգսյանը Ղարաբաղի հարցում զիջումների գնալու համար պետք է ունենա քաղաքական կայունություն, թե չէ` պատերազմ կլինի: Այսինքն՝ քաղաքական կայունությունը Տեր-Պետրոսյանի համար կարևոր է միայն քաղաքական զիջումներ անելու համար: Պատճառներից մեկն էլ այն է, որ ինքը հասկացավ` առճակատումն իրեն հաջողություն չի բերի, ինքը սպառեց բոլոր հնարավորությունները եւ վախեցավ պատասխանատվությունից: Դրական առումով վախեցավ: Երկրում կար ռեալ դժգոհություն, իրական դժգոհություն, սոցիալ-տնտեսական ծանր վիճակ, եւ ժողովրդի պոռթկումը շատ էր հավանական»:

«Հայոց Աշխարհ»-ի հետ զրույցում Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը ասում է - «Այն, ինչ այսօր փորձում են անել իշխանությունն ու ՀԱԿ-ը, աննախադեպ է: Թեեւ մեր երկրում ինչ-որ ձեւով իշխանությունները փոխվում են, ընտրությունները լավ կամ վատ, հետեւանքներով ու առանց դրանց տեղի են ունենում, բայց 1995-ից մինչ այժմ երբեք պարտված կողմը ընտրությունների արդյունքները չի ճանաչել: Եթե գնահատելու լինենք ըստ ընդդիմության հրապարակային ելույթների, ապա վերջին տասնվեց տարիներին ողջ քաղաքական իշխանությունը ոչ լեգիտիմ է եղել: Այս մտածողությունը եւ վարվելաձեւը արդեն համարվում է ստանդարտ եւ դարձել է մեր քաղաքական մշակույթի տարրերից մեկը: Հիմա, կարծում եմ, իշխանությունը ՀԱԿ-ի հետ փորձում է այս «ավանդույթը» վերացնել` հաստատել խաղի այնպիսի կանոններ, որոնք ընդունելի կլինեն քաղաքական հիմնական ուժերի համար»:

Իսկ «Ժամանակ»-ի զրուցակիցը` Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը, ասում է. - «Բոլոր դիկտատորական ռեժիմների առաջ ընդդիմությունը դրել է շատ հստակ մի պայման՝ ուլտիմատում։ Իշխանությունները պետք է նախնական համաձայնություն տան, որ բանակցելու են ընդդիմության կողմից առաջարկած բանաձեւով։ Սա եղել է մեխը այդ հեղափոխություների եւ արդյունք է տվել, որովհետեւ շարժման էությունը շատ կարեւոր ունիվերսալ բաղադրիչ ուներ. դա հրաժարումն էր իշխանության հետ որեւէ համագործակցությունից։ Հայաստանում կարծես թե դա չի արվել։ Երեք հավաստիացումներ են եղել իշխանությանը, սակայն չի եղել այս կարեւորագույն չորրորդ պայմանը։ Այս երեք պայմանները կատարվել են, եւ իշխանությունները այլեւս խոսելու բան չունեն։ Նրանք բավական ուժեղացրել են իրենց միջազգային վարկը եւ մեծ կասկածներ մտցրին հասարակության մեջ»։ Հարց. - «Այսինքն՝ կարծում եք, որ իշխանությունը իր դիրքը բավարար ամրացրել է եւ ընդդիմության մյուս պահանջները չի՞ կատարի, մասնավորապես՝ չի՞ գնա արտահերթ ընտրությունների»։ Պատասխան. - «Կարող է եւ գնալ։ Անմիջապես կարող է արտահերթ ընտրություններ նշանակել եւ փայլուն հաղթանակ տանել։ Մեծամասնությունը վերցնել, կեղծել, ընդդիմությանը 30% տալ, ընդդիմությունն էլ ուրախ կլինի։ Շատ հանգիստ բոլորի երեսը փրկել՝ ե'ւ իշխանության, ե'ւ ընդդիմության։ Դա այնպիսի քայլ չէ, որին իշխանությունները չեն գնա»։
please wait

No media source currently available

0:00 0:04:54 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG