Մատչելիության հղումներ

Երեխաների պաշտպանության միջազգային օրը եղան նաեւ բողոքի ցույցեր


Հունիսի 1-ին` Երեխաների պաշտպանության միջազգային օրը Երեւանում կայացած բազմաթիվ տոնական միջոցառումներից զատ, եղան նաեւ բողոքի ցույցեր:

Տոնական միջոցառումներն անցկացվեցին մշակութային օջախներում` թանգարաններում ու ցուցասրահներում, զբոսայգիներում, դպրոցներում, մանկապարտեզներում:

Երկար տարիների ընդմիջումից հետո այս տարի կրկին տոնական էր Գիտությունների ազգային ակադեմիայի գիտաշխատողների երեխաների համար. նրանք ոչ միայն ստացան նվերներ, այլեւ մասնակցեցին տոնական այլ միջոցառումների:

ԳԱԱ-ի ինստիտուտների արհմիությունների միացյալ կոմիտեի նախագահ Կիմա Միքայելյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Ի՞նչ մեղք ունեն այս ցերեկույթին մասնակցող երեխաները, որ ծնվել են համարյա աղքատության շեմին գտնվող գիտնականների ընտանիքում: Ուստի մենք այս օրերին հավաքում ենք մեր երեխաներին, նրանք գալիս են, ուրախանում են, նկարում են, ստանում են նվերներ»:

Մայրաքաղաքի մեկ այլ հատվածում` Տերյան եւ Կողբացի փողոցների խաչմերուկից ոչ հեռու գտնվող շենքերի բակում մարդկանց տրամադրությունն այնքան էլ տոնական չէր` թեեւ նվագում էր փողային նվագախումբը: Այստեղ քանդված խաղահրապարակի տեղում այժմ հսկայական փոս է` հերթական բարձրահարկ էլիտարի հիմքը, եւ մարդիկ հավաքվել էին բողոքի ցույցի: Շրջակա շենքերի բնակիչներից բացի, այստեղ էին նաեւ բնապահպաններ, Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ:

«Երեխաները ունեին խաղահրապարակ, հիմա զրկվել են դրանից», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց վրդովված բնակիչներից մեկը:

Նույնպիսի բողոքի ցույցի էին դուրս եկել նաեւ Նալբանդյան 106/1 շենքի բնակիչները, որտեղ նույնպես էլիտար շենք է կառուցվում:

«Այստեղ մանկապարտեզ է քանդվել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ազգային ժողովի պատգամավոր («Ժառանգություն») Անահիտ Բախշյանը` շարունակելով. - «Պիտի արձանագրենք, որ մեր պետության մեջ օրենք չկա: Գրված կարող է կա, բայց չի գործում: Կան միայն առանձին մարդկանց շահեր: Եվ այդ առանձին մարդիկ 50-60 ընտանիք են: Այսօր` երեխաների իրավունքների պաշտպանության օրը, մենք ուզում ենք բղավել, գոռալ, ասել, որ բավակա'ն է, դուք չեք կարող մեր երեխաների իրավունքները այդչա'փ ոտնահարել»:

«Սա ուղղակի հարձակում է քաղաքի, քաղաքային մշակույթի, բակային տարածքների վրա, եւ ուղղակի պետք է հասարակությունը միահամուռ դեմ արտահայտվի նման քաղաքաշինական ծրագրերին: Բավական է ինչ-որ մարդկանց բիզնես շահերի անվան տակ` հանրային գերակա շահի հռչակմամբ, բավարարվեն ինչ-ինչ ախորժակներ», - հավելեց «Ժառանգության» մեկ այլ պատգամավոր` Ստյոպա Սաֆարյանը:
please wait

No media source currently available

0:00 0:06:08 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG