Մատչելիության հղումներ

Հայաստանը նշեց Հանրապետության տոնը


Հայաստանը նշում է Հանրապետության տոնը
please wait

No media source currently available

0:00 0:05:50 0:00

Այսօր Սարդարապատի հուշահամալիրում Հանրապետության տոնին նվիրված միջոցառմանը մասնակցել են նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոսը, կառավարության անդամներ եւ այլ պաշտոնատար անձինք:

Մայիսի 28-ին Հայաստանը նշեց Հանրապետության տոնը:

Տոնի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձում, որը տարածել է նախագահի մամլո գրասենյակը, մասնավորապես, ասված է. - «1918 թվականի մայիսի 28-ին ծնունդ առած Հայաստանի Հանրապետությունը պսակն էր մեր դարավոր պայքարի: Այն գոյատեւեց ընդամենը երկուսուկես տարի: Եթե նկատի ունենանք, որ այս տարի սեպտեմբերին պատրաստվում ենք նշել մեր նոր անկախ պետականության 20-րդ տարեդարձը, ապա երկու եւ կես տարին շատ փոքր ժամանակահատված է ինչ-որ բան հասցնելու համար: Բայց սա միայն առաջին հայացքից: Իրականում այն ամենամեծ հեղափոխությունն էր, որ նոր ժամանակներում կատարվեց հայ ժողովրդի սրտում եւ գիտակցության մեջ: Մայիսի 28-ով հայ ժողովուրդը որդեգրում էր արժեքային նոր համակարգ` անկախություն եւ ժողովրդավարություն: Եթե ներկայիս Հայաստանը ժառանգորդն է առաջին Հանրապետության (իսկ դա այդպես է), ապա առաջին հերթին ժառանգորդն է այդ արժեքային համակարգի»:

«Ազգային միասնությունը փայլուն դրսեւորումներ ունեցավ 1918 թվականի մայիսյան հերոսամարտերում: Հայության հավաքական կամքն իսկապես հրաշքներ գործեց այդ օրերին, եւ մենք հիմնավոր հպարտությամբ ու երախտագիտությամբ ենք դա ասում, քանի որ մայիսյան ճակատամարտերի հերոսների կյանքով ու արյունով Հայաստանը փրկագնվեց մահվան ճիրաններից», - ասված է նախագահի ուղերձում:

«Այսօր մենք` որպես ազգ եւ պետություն, բավականաչափ ամուր ենք` իրականացնելու համար մի նոր հոգեբանական վերափոխում, կյանքի կոչելու նոր բանաձեւ` անհատի շահերն ու իրավունքները սրբազան են այնքան, որքան հավաքական-ազգային շահը: Համոզված եմ, որ իրականում չկա հակասություն, կա հասարակական որոշ շերտերի մեջ իրողությունների ոչ խորքային ընկալում միայն», - նշում է Սերժ Սարգսյանը իր ուղերձում: - «Այն, ինչ պատմական հանգամանքների բերումով չհասցրեց ու չկարողացավ անել մայիսի 28-ին վերածնված Հայաստանը, չնայած իր գործադրած անկեղծ եւ համառ ջանքերին, պետք է կարողանա անել սեպտեմբերի 21-ին վերածնված Հայաստանը: Ուժեղ բանակը լավ է, իսկ ուժեղ, ազատ եւ պաշտպանված քաղաքացիների բանակը` շատ ավելի լավ: Ազատ քաղաքացին ամենահուսալի պատվարն է թե՛ արտաքին թշնամու, թե՛ ներքին ապօրինությունների դեմ»:

«Մայիսի 28-ն այնպիսի իրադարձություն է, որ մեզ առիթ է տալիս վերաիմաստավորելու ոչ միայն այն, ինչ կատարվել է 93 տարի առաջ, այլեւ հատկապես այն, ինչ կատարվում է այսօր: Անցյալի նշանակալի իրադարձությունների թե՛ դրական, թե՛ բացասական փորձը ուսանելի է», - ասված է նախագահի ուղերձում:

Հանրապետության տոնի առիթով Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոսի շնորհավորական խոսքում, որը տրամադրել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից, մասնավորապես, ասված է. - «Հարյուրամյակների ընդմիջումից հետո, կոտորածներ ու ցեղասպանություն կրած հայ ժողովուրդը հերոսական մաքառումով, իր հարուցյալ կյանքի հավատով 1918 թվականին վերստին կերտեց հայոց պետականությունը: Անկախացյալ հայրենի հողի վրա դարերի ոգորումից հետո կրկին ծածանվեց մեր պետականության դրոշը: Այսօր, գոհություն Աստծո, մեր Հայրենիքի ազատ ու խաղաղ եզերքներում մեր ժողովուրդը ջանքեր է բերում կյանքի կոչելու իր հույսերն ու ձեռքբերումները` կառուցելու շեն ու բարօր երկիր եւ վերածնված Հայրենիքի շուրջ համախմբված պահպանելու, զորացնելու եւ պայծառացնելու իր աշխարհասփյուռ ազգային կյանքը»:

Հանրապետության տոնը` Սարդարապատի հուշահամալիրում

Շաբաթ օրը Հայաստանի նախագահը այցելեց Սարդարապատի հուշահամալիր` օրենսդիր ու գործադիր մարմինների ղեկավարների ու ներկայացուցիչների, ինչպես նաեւ Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղեկցությամբ: Սարդարապատում էր նաեւ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը` Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդի ուղեկցությամբ:

Սերժ Սարգսյանը ծաղկեպսակ դրեց Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ, այնուհետեւ ներկա գտնվեց Հանրապետության տոնի կապակցությամբ հուշահամալիրում կազմակերպված ժողովրդական տոնախմբությանը եւ համերգին:

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս հյուրերին դիմավորեցին երգ ու պարով եւ առատ սեղաններով:

Կոալիցիայի ներկայացուցիչները` համաներման եւ արտահերթ ընտրությունների պահանջի մասին

Քանի որ նախօրեին ուժի մեջ մտավ համաներման որոշումը, «Ազատություն» ռադիոկայանը Սարդարապատ այցելած Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանից հետաքրքրվեց, թե ինչ կփոխի համաներումը ներքաղաքական կյանքում:

«Իշխանությունը անում է այն, ինչ գտնում է անհրաժեշտ տվյալ պահին, որպեսզի հասարակության մեջ լինի հանդուրժողականության, բարի մթնոլորտ, ինչը ինքը կատարել է: Ինչպես են գնահատում դա` իհարկե, շատերի դուրը սա չի գալիս, իհարկե, ովքեր ուզում են, իրենց առաջնորդի լեզվով ասած` «քիք-բոքսինգ խաղալ», նրանց դուրը չի գալիս, իհարկե, նրանք կպայքարեն, ձեռքերը կթափահարեն` հին կովկասյան սովորույթ է, նորմալ վերաբերվեք», - ասաց Նիկոյանը:

Իսկ հարցին, թե ինչպես է վերաբերվում ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի` արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջին, Ազգային ժողովի փոխնախագահը պատասխանեց. - «Ընդդիմությունը իրավունք ունի, դա իր գործն է` պահանջելու արտահերթ ընտրություն: Ընդ որում, դուք հիշեք, արտահերթ ընտրություն պառլամենտական ինքը պահանջելու է մինչեւ եկող մայիս: Դա արդեն զավեշտի դաշտից է: Ամեն դեպքում, դա իրենց գործն է` թող պահանջեն, պայքարեն, դա իրենց խնդիրն է: Իշխանությունը կատարում է իր խնդիրը, եւ, կարծում եմ, արդյունավետ քայլեր է կատարում»:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու` ընդդիմության պահանջի վերաբերյալ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց. - «Արտահերթ խորհրդարանական ընտրությունների կարիք ընդհանրապես չկա, եւ որեւէ հիմք չկա մեր երկրում արտահերթ ընտրությունների: Եվ բացի այդ, հաշվված ամիսներ են մնացել նոր ընտրություններին: Ես կարծում եմ, որ ընդդիմությունը ավելի շատ պետք է լավ պատրաստվի այդ ընտրություններին, քան թե պահանջի նոր ընտրություններ»:

Երկրում հայտարարված համաներման մասին «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավարը ասաց. - «Համաներումը շատ կարեւոր նշանակություն ունեցող` իր դրական հետեւանքներով, երեւույթ էր, որ տեղի ունեցավ, նաեւ, ամենակարեւորը` ներքաղաքական իրավիճակի թուլացում բերեց լարվածության, եւ շատ մեր քաղաքացիներ, որոնք տարբեր առիթներով բանտարկված էին, ինչու չէ` նաեւ մարտյան դեպքերի հետ կապված, նրանք ազատ արձակվեցին: Եվ երկրորդ կարեւոր շեշտադրումը համարում եմ սոցիալական, որովհետեւ բազմաթիվ բանտարկյալներ, որոնք տարբեր առիթների պատճառներով, մանր-մունր խնդիրների, տնտեսական պատճառաբանությամբ դատապարտված էին, նրանք ազատ են արձակվում: Եվ ի վերջո, մեր հայրենակիցներից մոտ հազար տղամարդիկ, ինչու չէ` նաեւ կան նրանց մեջ կանայք, վերադառնում են ընտանիք, աշխատուժ է, եւ այդքան ընտանիքներ ուրախանում են: Սա շատ կարեւոր խնդիր է»:

Ոստիկանությունը աչալուրջ կլինի

Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն էլ «Ազատություն» ռադիոկայանի հարցին` հնարավո՞ր է արդյոք, որ համաներման արդյունքում հանցագործությունների աճ գրանցվի, արձագանքեց. - «Կարծում եմ, որոշակի սրում տեղի կունենա` ամեն անգամ համաներումից հետո այս պրոցեսը ընթացել է, բայց մենք հանել ենք ամբողջ կազմը, ցանկը, բոլորը կլինեն հսկողության տակ հիմնականում, շատ կարճ ժամանակ անց` ընդամենը մեկ-երկու ամսվա ժամանակահատվածում, կարծում եմ, այս խնդիրը կլուծվի»:

«Երկրի ղեկավարությունը քաղաքական կամք դրսեւորեց, հանդուրժողական վերաբերմունք` բաց թողեց: Եթե սա ճիշտ չի գնահատվի, ապա ոստիկանությունը իր գործը հստակ գիտի, եւ անպայման նրանք կվերադառնան նախկին տեղերը, եթե շարունակեն իրենց հին գործելաոճը: Եթե ուղղվեն, բնականաբար` մեր քաղաքացիներն են, սիրով կընդունենք, թող աշխատեն, ապրեն», - հավելեց ոստիկանապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG