Մատչելիության հղումներ

Երկու զոհված, 37 վիրավոր, տասնյակ ձերբակալվածներ Թբիլիսիում


Մայիսի լույս 26-ի գիշերը Թբիլիսիում
Մայիսի լույս 26-ի գիշերը Թբիլիսիում
Երկու զոհ, 37 վիրավոր, 100-ից ավելի ձերբակալվածներ. այսպիսին են անցած գիշեր Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում իրականացված ոստիկանական գործողության արդյունքները:

Հատուկ ջոկատայինները Նինո Բուրջանաձեի կողմնակիցներին քաղաքի կենտրոնական պողոտայից դուրս մղելու գործողությունը սկսեցին ուղիղ կեսգիշերին՝ ջրցան մեքենաների, արցունքաբեր գազի եւ ռետինե փամփուշտներ կրակող հրացանների կիրառմամբ:

Զոհերից մեկը հատուկ ջոկատային Վլադիմիր Մասխուրաշվիլին էր: Վրացական ոստիկանության ներկայացուցիչ Շոթա Ուտիաշվիլիի հավաստիացմամբ, նրան վրաերթի է ենթարկել ընդդիմության ղեկավարներին տեղափոխող ավտոշարասյունը։

«Ոստիկանությունը ստիպված էր ուժ կիրառել: Ցուցարարներից ոմանք դիմադրում էին։ Նրանց մի մասը բախումների թատերաբեմը լքեց մեքենաները վարելով ամբոխի միջով։ Դրա արդյունքում մեկ հատուկ ջոկատային զոհվել է», - ասել է Ուտիաշվիլին։

Ոստիկանական աղբյուրները պնդում են, որ երկրորդ զոհը՝ 54-ամյա Նոդար Ցխադաձեն, եւս վրաերթի արդյունքում է մահացել:

Ցխադաձեն ընդդիմության ակտիվիստ էր, նախկինում աշխատել է ոստիկանական համակարգում: Անկախ աղբյուրները, սակայն, ոչ հաստատում, ոչ էլ հերքում են Ցխադաձեի մահվան պաշտոնական վարկածը։

Ընդհանուր առմամբ, գիշերային բախումների մասին պաշտոնական տեղեկատվությունը բավական կցկտուր է:

«Ժողովրդական ժողով» ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Նինո Բուրջանաձեն, մեկնաբանելով այս գիշեր տեղի ունեցածը, ասել է. - «Երբ խոսում են, թե իբր ոստիկանությունը եկել էր հրապարակն ազատելու համար, դա իրականությանը չի համապատասխանում։ Դա հստակ պատժիչ գործողություն էր»։

Պնդումները, թե ոստիկանները ոչ համարժեք ուժ են կիրառել ցուցարարների հանդեպ, հնչում են ոչ միայն ընդդիմության, այլեւ Թբիլիսում աշխատող դիվանագետների կողմից։

«Ես վրդովված եմ այն իրողությունից, որ բողոքի ակցիան ցրելուց հետո ուժի անհարկի կիրառման պոտենցիալ դեպքեր են արձանագրվել», - այսօր հայտարարել է Վրաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Բասը։ - «Ակնհայտ էր, որ ցույցի մասնակիցների մի մասին բողոքի ակցիան առանձնապես չէր հետաքրքրում: Նրանք անում էին հնարավորը իրադարձությունները բռնի հակամարտության հունով տանելու համար»։
Վրաստան -- Նախագահ Միխեիլ Սահակաշվիլին ողջունում է անկախության տոնի առթիվ անցկացվող ռազմական շքերթի մասնակիցներին, Թբիլիսի, 26-ը մայիսի, 2011թ.

Չնայած գիշերային ողբերգական իրադարձություններին՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին չհրաժարվեց անկախության օրվա առթիվ ռազմական շքերթ անցկացնելու գաղափարից:

«Մենք կանխեցինք Վրաստանի սահմաններից դուրս գրված սցենարի զարգացումը», - դիմելով շքերթի մասնակիցներին՝ հայտարարել է Սահակաշվիլին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG