Մատչելիության հղումներ

«ԲարՔեմփ Երեւան 2011»-ը` հունիսի 4-5-ին


Երեւանյան «ԲարՔեմփ»-ն այս տարի կկայանա երրորդ անգամ` հունիսի 4-5–ը, կրկին Հայաստանի Ամերիկյան համալսարանում: Կազմակերպիչները խոստանում են հագեցած օրակարգ ու հանդիպումներ տեղեկատվական տեխնոլոգիաների եւ նոր մեդիա ոլորտի հայտնի հյուրերի` այդ թվում Opera Software ընկերության ներկայացուցիչների հետ:

Նախորդ տարի կազմակերպված երեւանյան «ԲարՔեմփ»-ին ներկա էին մոտ 400 մասնակիցներ Հայաստանից, Վրաստանից եւ Ռուսաստանից: Կոնֆերանսի պատվավոր հյուրերի շարքում էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Բարքեմփը» մասնակիցների կողմից կազմակերպվող միջազգային կոնֆերանս է, որն իր շուրջն է հավաքում ինտերնետ-հանրության ներկայացուցիչների` ծրագրավորողների, բլոգերների, առցանց հրատարակիչների, վիրտուալ ակտիվիստների: Այս կոնֆերանսում, սակայն, չկան հատուկ հրավիրված բանախոսներ. այստեղ օրակարգը ձեւավորվում է մասնակիցների կողմից եւ վերջնական տեսք է ստանում միայն միջոցառման բացումից հետո:

Միջոցառման կազմակերպիչներն ու մասնակիցներն այն անվանում են տեղեկատվական տեխնոլոգիաների, ինտերնետի եւ նոր մեդիաների թեմաներով չկոնֆերանս, քանի որ այն անցնում է ոչ ֆորմալ մթնոլորտում` ապահովելով բաց քննարկումներ եւ մտքերի ազատ փոխանակում։

Առաջին «Բարքեմփ»-ն անցկացվել է 2005-ին ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում` Silicon Valley-ում: Այդ ժամանակից ի վեր այն կազմակերպվում է աշխարհի ավելի քան 350 քաղաքներում։
XS
SM
MD
LG