Մատչելիության հղումներ

«Արզնի» տոհմային ֆերմայի ներկայացուցիչը հերքում է նախկին աշխատակցի հայտարարությունները


«Արզնի» տոհմային ֆերմայի փոխտնօրենը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կտրականապես հերքում է իրենց նախկին աշխատակցի հայտարարությունները ֆերմայում տիրող իրավիճակի մասին:

Գագիկ Ռոստոմյանը 2010-ը թվականի դեկտեմբերից աշխատել է «Արզնի» տոհմային ֆերմայում որպես անասնապահ: Իր պատմելով, աշխատել է կնոջ եւ որդու հետ, եւ այդ ընթացքում ապրել են ֆերմայում աշխատողների համար նախատեսված տնակում:

Ասում է, որ աշխատել են մինչեւ այս տարվա գարունը, աշխատավարձի փոխարեն հավկիթով են վարձատրվել, ընդ որում` հավկիթն իրենց տրվել է համեմատաբար թանկ գնով, եւ իրացնելիս տուժել են:

Ինչպես Գագիկն է պատմում, հոր առողջական խնդիրներից ելնելով, որոշել է լքել ֆերման, սակայն տնօրինությունը մոտ 300 հազար դրամ էր պահանջել որպես պարտք` օգտագործած էլեկտրաէներգիայի դիմաց:

«Այնինչ` ինքն է պարտք մինչեւ հիմա: Ապրիլ ամսվա համար` 240 հազար դրամ` չհաշված մայիսի տասը օրերը», - պնդեց Ռոստոմյանը:

Նրա խոսքով` ֆերմայի տարածքից դուրս գալու համար անցաթուղթ էր հարկավոր, որը տալիս էր ֆերմայի տնօրինությունը, իսկ առանց անցաթղթի դուրս գալու դեպքում «կբռնեին ու հետ կբերեին, կարող ա եւ ծեծեին»:

Ի վերջո, Ռոստոմյանը ֆերմայից ազատվելու համար դիմել է ոստիկանության Կոտայքի բաժին եւ իրավապահների միջոցով կարողացել է ազատվել աշխատանքից:

«Արզնի» տոհմային ֆերմայի փոխտնօրեն Գեղամ Ջանվելյանը, մինչդեռ, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքեց այն ամենը, ինչ պատմում էր իր նախկին աշխատակից Գագիկ Ռոստոմյանը. - «Անցագրի մեջ ոչ մի վատ բան չկա: Հերքում եմ ես այդպիսի բաները… Էս ո՞ր դարն է, ո՞նց կարելի է մարդուն զոռով պահել»:

Գեղամ Ջանվելյանի խոսքով, Ռոստոմյանի կինը մի քանի անգամ ազատվել է աշխատանքից, այնուհետեւ վերականգնվել. - «Նրա կինը բավականին լավ կթվորուհի է… Քանի որ մենք ունենք անվճար բնակարաններ կթվորուհիների համար, սրանց նմանները փորձում են ձմեռային ժամանակ, երբ աշխատանքը շատ քիչ է, այստեղ ապրել, իսկ ամռանը, երբ ավելի լավ պայմաններով առաջարկ են ստանում, ուզում են իրենց պայմանագրերը չլրացած դուրս գալ»:

Ինչ վերաբերում է աշխատավարձի փոխարեն հավկիթով վճարելուն, ապա Ջանվելյանը ասաց. - «Ոչ թե ձվով ենք վճարում,այլ այն աշխատողները, որոնք ուզում են մթերքով… Ձուն ներսի աշխատողներին ավելի էժան է վաճառվում, դրսում ավելի թանկ են փորձում վաճառել»:

Աշխատողներին «համարակալելու» կապակցությամբ Ջանվելյանը հայտարարեց. - «Այդպիսի հերյուրանքների համար դրանց պետք է պատժել: Եթե շարունակի Գագիկը (Ռոստոմյան) այդպիսի բաներ ասել, մենք երեւի կդիմենք դատարան»:

«Աշխատանքային համարներ են դրանք», - շարունակեց նա: - «Ես ինքս ունեմ աշխատանքային համար»:

Ֆերմայի տարածքում ապրող աշխատակիցներից մեկը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե ամեն ինչից գոհ է. - «Լավ են նայում մեզ: Դուրս գալիս, թուղթ են տալիս մեզ, թուղթը հանձնում ենք ախրաննիկներին, գնում ենք ու սիրուն հետ գալիս»:
please wait

No media source currently available

0:00 0:05:10 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG