Մատչելիության հղումներ

Հրատարակվում է «Գարուն» ամսագրի մատենագրությունը


Լեւոն Անանյան, արխիվ
Այս շաբաթվա վերջին Երեւանի պետական համալսարանի Չարենցի անվան սրահում տեղի կունենա «Գարուն» ամսագրի 500 էջանոց մատենագրության շնորհանդեսը։

Այն ընդգրկում է «Գարուն»-ի հիմնադրման օրից՝ 1967 թվականից մինչեւ 2000 թվականն ընկած ժամանակահատվածում ամսագրի յուրաքանչյուր համարում հրատարակված բոլոր նյութերը։ Ընդհանուր առմամբ ընդգրկված է «Գարուն»-ի 407 համար, նյութերը ներկայացված են թեմատիկ ու ժանրային դասկարգմամբ։

Մատենագրությունը կազմել է Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, ով 11 տարի՝ 1990 թվականից մինչեւ 2001 թվականը, «Գարուն»-ի գլխավոր խմբագիրն է եղել։

«Ամսագիրը իսկապես երեւույթ էր մեր գրական-մշակութային կյանքում եւ վիթխարի ծառայություն մատուցեց։ Վարդգես Պետրոսյանի հիմնադրած «Գարուն»-ը այնուհետեւ իր հաջորդ խմբագիրներով՝ Անժիկ Հակոբյանի «Գարուն»-ը, Մերուժան Տեր-Գուլանյանի «Գարուն»-ը, Լեւոն Անանյանի «Գարուն»-ը... այսօր գլխավոր խմբագիրը Վարուժան Այվազյանն է։ Եվ ինձ համար հոգու պարտք էր՝ հավաքել, դասդասել 1967-ից 2000 թվականի «Գարուն»-ի այդ ամբողջ համալիրը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց մատենագրության հեղինակ Լեւոն Անանյանը։

Այն ժամանակ՝ 1967-ին, Վարդգես Պետրոսյանն իր շուրջը համախմբեց երիտասարդ գրողների, գրականագետների, հրապարակախոսների, որոնք դարձան ամսագրի շարժիչ ուժը, իսկ 15 հազար տպաքանակով ամեն ամիս լույս տեսնող «Գարուն»-ն էլ դարձավ խորհրդային «ձնհալի» տարիներին ազատ խոսք ու թարմ շունչ բերող, շատ կարեւոր գրական երեւույթ։

«[Մատենագրությունը] յուրատեսակ նվեր է բոլոր այն գարունականներին, ովքեր ժամանակին իրենց գրչով, իրենց ներկայությամբ մասնակցեցին այն ոգեղեն մթնոլորտի ստեղծմանը, որը անցած դարի 60-ականներից մինչեւ 90-նները նախապատրաստեց հայ ազգային ոգու պոռթկումը, Արցախյան հերոսամարտը», - ասում է Լեւոն Անանյանը։

please wait

No media source currently available

0:00 0:04:44 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG