Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ի նախկին անդամը առաջարկում է ստեղծել «նոր քաղաքական միավոր»


«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնությամբ շաբաթ օրը տեղի ունեցավ քաղաքացիական բաց ժողով, որի մասնակիցները քննարկեցին երկրում ստեղծված իրավիճակն ու դրանից դուրս գալու ուղիները:

Հավաքի մեկնարկին Րաֆֆի Հովհաննիսյանը հույս հայտնեց, թե Առաջին հանրապետության 93-րդ տարեդարձը Հայաստանը «կտոնի առանց քաղբանտարկյալների»:

Վերջիններիս ազատ արձակման խնդրին անդրադարձավ նաեւ Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը` հետեւյալ դիտարկմամբ. - «Ենթադրենք` բոլորը ազատվեցին, բայց արդյո՞ք մենք դրանով լուծում ենք ընդհանրապես քաղբանտարկյալների խնդիրը… Ինչո՞ւ կան եւ ինչո՞ւ կարող են նորից լինել: Մի կարեւորագույն հարց կա այստեղ` մենք չունենք դատական իշխանություն»:

Ինչպես դուրս գալ Հայաստանում այսօր տիրող իրավիճակից. համենայնդեպս այդ հարցադրման հնարավոր պատասխաններն էին ընկած այսօրվա հավաքի բոլոր բանախոսների ելույթների հիմքում: Տարբեր էին միայն մոտեցումներն ու դրան հասնելու ուղիները:

Ավետիք Իշխանյանի կարծիքով, քաղաքացիական հասարակությունը պետք է հստակ պահանջ դնի քաղաքական կառույցների առջեւ. - «Ի՞նչ է արվելու հնարավոր իշխանափոխությունից հետո… Որովհետեւ այս համակարգով ձեզնից ով էլ լինի նախագահ, որոշ ժամանակ հետո, նույնիսկ լավագույն ցանկություններով նախագահ դառնալուց հետո, այս համակարգը պահպանելու դեպքում կդառնաք նույնը, ինչից այսօր դժգոհում եք»:

Հայ ազգային կոնգրեսի նախկին անդամ Կարապետ Ռուբինյանը ցավով նկատեց, որ մինչեւ օրս ժողովրդի պայքարը սեփական իրավունքների վերականգնման համար արդյունք չի տվել, սակայն անազնիվ համարեց դրանում ժողովրդին մեղադրելը. - «Նույն պոռթկմանը ու ցասումին մեր ժողովուրդը պատրաստ էր եւ այս տարեսկզբին»:

Թվարկելով մի քանի ներքին եւ արտաքին քաղաքական ու սոցիալ-տնտեսական նախադրյալներ` Ռուբինյանը հավելեց. - «Կարծում էի, որ բավական է, որ Կոնգրեսը, որպես ընդդիմության առանցքային ուժ, համախմբի ողջ հասարակությանը, քաղաքական դաշտի ընդդիմադիր այլ ուժերի հետ հրապարակայնորեն պայմանավորվի իշխանափոխության եւ դրան հետեւող արտահերթ ընտրությունների վերաբերյալ խաղի արդար կանոնների մասին, հաստատակամորեն դուրս բերի ըմբոստ ժողովրդին փողոց ու պահի այնտեղ մի քանի օր, ու բոլոր ճակատներում սնանկացած բռնակալի հրաժարականը անխուսափելի էր»:

Իսկ այսօր Կոնգրեսի որդեգրած` մարտավարությունը Ռուբինյանը անվանեց «բռնակալի հետ բաց երկխոսության ուղի»` շարունակելով. - «Հաճույքով կլսեի այս նոր որդեգրած ուղով կատարվող քայլերի ճշմարտացիության վերաբերյալ փաստարկներ, ուրախ կլինեի, եթե նշաններ տեսնեի, որ որոշումն ընդունվել է մտքերի բախման, կառուցողական բանավեճի արդյունքում: Ավաղ, ո'չ նման համոզիչ փաստարկներ, ո'չ կայացած բանավեճի նշաններ չեմ տեսնում: Իսկ դեպքերի զարգացումը հուշում է, որ որքան էլ ցավալի է, կտրուկ եւ արմատական փոփոխությունների միջոցով Հայաստանը զարգացման ուղի հանելու եւ տարածաշրջանային մրցակցության բեմահարթակում տանուլ տվածի դերակատարությունից ազատվելու շանսերը առայժմ կորսված են: Չեմ հավատում նաեւ, որ ՀԱԿ-ի կիսալքած արմատական ընդդիմության դաշտը հնարավոր է արագորեն լցնել նոր կամ հին որեւէ ուժով: Որեւէ ուժի համար բավական երկար ժամանակ կպահանջվի վերջին զարգացումներից հերթական անգամ հիասթափված ու հուսալքված հասարակության վստահությունը վերանվաճելու համար»:

Առաջիկա ընտրություններով էլ, ըստ Ռուբինյանի ոչինչ փոխել հնարավոր չէ: Քաղաքացիական նախաձեռնություններ եւ միավորումներ, դա է ըստ Ռուբինյանի նորարարական հեղափոխական դաշտը:

«Այս համատեքստում ես հնարավոր եւ լուծելի եմ համարում նաեւ քաղաքական նոր միավորի ստեղծումը: Պայմանականորեն անվանեմ դա Քաղաքացիական ֆորում, որտեղ ընդգրկված անհատները պետք է փորձեն վերցնել իրենց վրա մեր երկրի հասարակական-քաղաքական զարգացման ավանգարդի դերը եւ նպատակ դնեն երկիրը դուրս բերել ժողովրդավարության ու զարգացման ուղի», - եզրափակեց Ռուբինյանը:

Հավաքի ավարտին Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ երկու շաբաթից, այսինքն` հունիսի 4-ին լինելու է Ազատության հրապարակում` քաղաքացիների հետ քննարկումները շարունակելու համար:
please wait

No media source currently available

0:00 0:02:44 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG