Մատչելիության հղումներ

Վեհափառը շնորհակալություն է հայտնել Ուրուգվայի իշխանություններին


Ուրուգվայ -- Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոսը հարցազրույց է տալիս «Ազատություն» ռադիոկայանին, Մոնտեվիդեո, 12-ը մայիսի, 2011թ.
Ուրուգվայ -- Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոսը հարցազրույց է տալիս «Ազատություն» ռադիոկայանին, Մոնտեվիդեո, 12-ը մայիսի, 2011թ.
Հինգշաբթի օրը Մոնտեվիդեոյից Բուենոս Այրես մեկնելուց առաջ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը բացառիկ հարցազրույց տվեց «Ազատություն» ռադիոկայանին:

Հարցազրույցում Վեհափառը այսպես ամփոփեց Ուրուգվայի բարձրաստիճան ղեկավարների հետ իր հանդիպումները. - «Մեր գնահատանքը, մեր օրհնությունը փոխանցեցինք իրենց, մեր շնորհակալությունը հայտնեցինք նրանց այն հոգատար վերաբերմունքի համար, որ իրենք դրսեւորում են հայ համայնքի նկատմամբ, ինչպես նաեւ մենք մեր շնորհակալությունը հայտնեցինք, ի դեմս մեր հավատավոր զավակների, Ուրուգվայի իշխանություններին, որ եղան առաջին պետությունը, ովքեր ճանաչեցին եւ դատապարտեցին Հայոց ցեղասպանությունը»:

Մանրամասնելով Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկայի հետ հանդիպման բովանդակությունը` Վեհափառ հայրապետը ասաց. - «Ինքը մեծ համակրանք է տածում հանդեպ հայ ժողովուրդը, ուրախությամբ հիշատակեց իր այցը Հայաստան եւ ոգեւորությամբ ու խանդավառությամբ պատմեց, մասնավորապես` հիշեց Մատենադարանը, այնտեղ պահվող մեր ձեռագրերը, մեր մշակույթը բարձրորեն գնահատեց: Զրուցեց նաեւ եկեղեցու, քրիստոնեական հավատքի կարեւոր դերակատարության մասին ներկա աշխարհում, ժողովուրդների կյանքում: Եվ նաեւ անդրադարձ ունեցավ գոհունակությամբ այն կարեւոր ներդրումին, որ այստեղ կայք հաստատած հայորդիք բերում են Ուրուգվայի երկրի կյանքի առաջընթացին»:

Մուխիկան 1970-ականներին այցելել է խորհրդային Հայաստան եւ մնացել բավական երկար` մի քանի ամիս:

Ուրուգվայից Արգենտինա մեկնելուց առաջ Վեհափառը օրհնեց Մոնտեվիդեոյի միջազգային օդանավակայանը եւ Հայաստանից բերված մի խաչքար, որ արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի ընկերությունը տեղադրել է ի հիշատակ ընկերության բարձրաստիճան պաշտոնյաներից Արամ Չուլջյանի, ով մի քանի տարի առաջ հանկարծամահ է եղել:

Վեհափառը արդեն ժամանել է Բուենոս Այրես, որտեղ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում նրան ընդունել են հազարավոր հավատացյալներ:

Հարավային Ամերիկա հովվապետական այցը Վեհափառը սկսել էր Բրազիլիայից: Նա այցելելու է նաեւ Վենեսուելա եւ Չիլի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG