Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը իշխանություններին կոչ է անում ՍԴ-ում վիճարկել արտակարգ դրության հայտարարելու մասին հրամանագիրը


ՀԱԿ-ի Իրավական աջակցության կենտրոնի ղեկավար Գագիկ Ջհանգիրյանը:
ՀԱԿ-ի Իրավական աջակցության կենտրոնի ղեկավար Գագիկ Ջհանգիրյանը:

Հայ ազգային կոնգրեսի պատասխանատուները իշխանություններին կոչ են անում Սահմանադրական դատարանում վիճարկել 2008 թվականի մարտի 1-ին Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ստորագրած «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» հրամանագիրը եւ Մարտի 1-ի բացահայտումը հենց դրանից սկսել:

Կոնգրեսը, հիշեցնենք, մարտիմեկյան իրադարձություններից ի վեր պնդում է, որ այդ հրամանագիրը հակասում է Սահմանադրությանը, բայց ընդդիմությունը հրամանագիրը Սահմանադրական դատարանում վիճարկելու հնարավորություն չունի: Այդ իրավունքը վերապահված է միայն երկրի նախագահին, Ազգային ժողովին, պատգամավորների առնվազն մեկ հինգերորդին, կառավարությանն ու օմբուդսմենին:

ՀԱԿ-ի Իրավական աջակցության կենտրոնի ղեկավար, Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը չորեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ իշխանությունները պետք է գնան այդ քայլին` եթե լրջորեն ձգտում են բացահայտել կատարվածը. - «Ես վստահեցնում եմ, որ այդ հրամանագիրը խոցելի է: Այդ հրամանագրի հակասահմանադրականությունը այնքան ցցուն է…»:

Ռոբերտ Քոչարյանը հրամանագիրը ստորագրելիս ղեկավարվել է Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ եւ 117-րդ հոդվածի 6-րդ կետերով, որոնք նախագահին հնարավորություն են տալիս Սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում, խորհրդակցելով Ազգային ժողովի նախագահի եւ վարչապետի հետ, հայտարարել արտակարգ դրություն ու իրականացնել իրավիճակից թելադրվող միջոցառումներ:

Միաժամանակ նախկին նախագահը այս հրամանագրով մարտի 1-ին արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովումը վերապահել է ինչպես ոստիկանությանը, այնպես էլ Պաշտպանության նախարարությանը: Սրանով, ընդդիմության պնդմամբ` Ռոբերտ Քոչարյանը, ըստ էության, Զինված ուժերի կիրառման որոշում է կայացրել, ինչի իրավունքը, ըստ Գագիկ Ջհանգիրյանի, նա չի ունեցել, քանի որ Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետը Զինված ուժերի օգտագործման լիազորություն տալիս է միայն Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքում:

«Եթե Սահմանադրական դատարանը քննության առնի եւ ճանաչի այդ հրամանագիրը հակասահմանադրական, դա կարող է հիմք հանդիսանալ այն օրերի գործող նախագահին քրեական պատասխանատվության ենթարկելու համար», - շարունակեց Ջհանգիրյանը: - «Նախագահը, մեր Սահմանադրության համաձայն, օգտվում է քրեական պատասխանատվության անձեռնմխելիությունից` եթե նա գործել է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում»:

Իշխանությունները, մինչդեռ, մշտապես հերքել են հրամանագրի հակասահմանադրականության մասին պնդումները:

«Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը երեկ ասել էր, որ արտակարգ իրավիճակը Երեւանում մտցվել էր Սահմանադրությանը համաձայն եւ ճիշտ ըստ նախատեսված ընթացակարգի:

Անդրադառնալով նշված հարցազրույցին` Գագիկ Ջհանգիրյանն ասաց, որ դրանում անհանգստության տարրեր է նկատում. - «Խնդիրը միայն սպանություն կատարողներին բացահայտելը չէ, այլ ընդհանրապես մարտի 1-2-ի դեպքերի մեղավորներին, պատասխանատուներին բացահայտելն է: Այդ խնդիրը դրված է նաեւ միջազգային մակարդակով եւ դրա համար էլ, բնական է, որ մտահոգված է… Քանի որ մարտի 1-2-ի դեպքերի ժամանակ գործող նախագահը Քոչարյանն է եղել, եւ չեմ կարծում, թե որեւէ գործողություն, այդ թվում նաեւ բանակի ներգրավումը, ոչ ֆորմալ զինված հանցավոր խմբերի ներգրավումը կարող էր կատարվել առանց Ռոբերտ Քոչարյանի գիտության կամ ուղղակի հրամանի»:

Ջհանգիրյանը շարունակեց. - «Ըստ էության, ինքը ահազանգում է գործող իշխանություններին, որ` ես չեմ պատրաստվում միայնակ պատասխան տալ մարտի 1-ի դեպքերի համար, եւ բարի եղեք, խելամիտ եղել սահմանափակվել միմիայն սպանություններ կատարողներին քրեական պատասխանատվության ենթարկելով: Եվ խորհուրդ է տալիս դրանից ավելին չանել կամ ավելին չծրագրել: Ես կարծում եմ, որ ենթատեքստը դա է»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցմանը, թե կառավարությունը նպատակահարմար համարո՞ւմ է Ռոբերտ Քոչարյանի հրամանագիրը Սահմանադրական դատարանում վիճարկելը, կառավարությունից խոստացան պատասխանել առաջիկայում:

Նույն հարցմանն ի պատասխան ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը ասաց, թե իրենք խորհուրդների կարիք չեն զգում, մարտիմեկյան իրադարձությունները բացահայտելը իրավապահների խնդիրն է, որոնց էլ Սերժ Սարգսյանը համապատասխան հանձնարարականներ վաղուց տվել է:

Իսկ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մամուլի ծառայությունից փոխանցեցին, որ Կարեն Անդրեասյանը գործուղման է, եւ հարցին կարող են պատասխանել միայն նրա վերադարձից հետո:
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG