Մատչելիության հղումներ

«Քաղաքի կենտրոնում որեւէ շինարարություն թույլ չենք տալու»


Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը:
Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը:

Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը երեքշաբթի օրը հայտարարեց, որ թույլ չեն տալու որեւէ շինարարություն մայրաքաղաքի կենտրոնում:

«Բայց մենք պետք է գիտակցենք, որ ապրում ենք մեգապոլիսում: Եվ մենք երբեւիցե չենք գալու այն վիճակին, որ առավոտյան արթնանալիս աքլորի ձայն լսենք, գետի խշշոց լսենք: Այո, ճարտարապետությունը պետք է լինի կոմերցիոն, բայց այդ կոմերցիոն ճարտարապետությունը պետք է ունենա սահմանափակումներ», - հավելեց Կարապետյանը Հանրային խորհրդի լիագումար նիստում:

Քաղաքապետի համոզմամբ, այն գործառույթները, որոնք առնչվում են քաղաքային տնտեսությանը եւ ունեն բիզնես տրամաբանություն, պետք է կառավարի մասնավորը, քանի որ դա ավելի արդյունավետ է:

«Կանաչ գոտիները չենք տալիս բիզնեսին: Տրանսպորտը պետք է լինի բիզնեսով, պարկինգը պետք է լինի բիզնեսով, սանմաքրումը, աղբահանումը պետք է լինի բիզնեսով, բժշկությունը պետք է լինի բիզնեսով` որպեսզի ներդրում անի: Դա չի նշանակում, որ իրենց ծառայությունները կատարելու ժամանակ պետք է չանեն անհրաժեշտ, ֆիքսված ծառայությունները քաղաքի նկատմամբ», - ասաց քաղաքապետը:

Անդրադառնալով Երեւանում այսօր առկա հաջորդ կարեւոր խնդրին` հասարակական տրանսպորտին, քաղաքապետը հայտարարեց. - «Մեկ օր շուտ տրանսպորտը բիզնեսին տալը արտակարգ լավ բան է: Տրանսպորտում մենք ունենք խնդիր… Միանշանակ 2700 միկրոավտոբուս մեզ պետք չէ: Միկրոավտոբուսների ընկերություններին մենք հայտարարել ենք, որ անցնելու ենք մեծ, միջին ավտոբուսների համակարգին, եւ ձեզ «առաջին գիշերվա» իրավունք ենք տալիս, որ հայտ բերեք»:

«Բայց այստեղ մենք խնդիր ունենք` եթե սակագինը իրականում տրամաբանական չլինի, ինվեստորին պետք է համոզենք, որ գա: Ինչպե՞ս… Որոշ ժամանակ անց մենք անցնելու ենք միասնական վճարային համակարգի, որտեղ լինելու են համապատասխան աբոնեմենտներ` մեկ տարվա, ամսական, ուսանողական, որով կկարողանանք ապահովել ֆինանսական հոսքերը», - նշեց Կարեն Կարապետյանը:

Կկարողանա՞ քաղաքապետարանն իրականացնել այդ գաղափարը, թե՞ ոչ` կախված է բազմաթիվ գործոններից: Քանի որ, քաղաքապետի խոսքով, եթե սակագինը չի փակում ծախսերը, իսկ այսօրվա շուկան այլ սակագնի ունակ չէ, ապա պետք է այդ սակագնին հասնել փուլ առ փուլ` հաշվի առնելով, իհարկե, համապատասխան խավին անհրաժեշտ արտոնությունների տրամադրումը:
please wait

No media source currently available

0:00 0:04:35 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG