Մատչելիության հղումներ

«Արմավիա»-ի եւ «Զվարթնոց»-ի միջեւ «բոլոր հարցերը կարգավորված են»


Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը երկուշաբթի օրը հայտարարեց, որ ընկերությոն եւ «Զվարթնոց» օդանավակայանի միջեւ «բոլոր հարցերը կարգավորված են»:

Անցած չորեքշաբթի, հիշեցնենք, «Զվարթնոց» օդանավակայանը հրաժարվել էր սպասարկել «Արմավիա»-ի չվերթներից մի քանիսը` հայտարարելով, որ վերջինս չի կատարում իր ֆինանսական պարտավորությունները: «Արմավիա»-ն, իր հերթին, մեղադրել էր «Զվարթնոց» օդանավակայանի ղեկավարությանը բարձր սակագներ սահմանելու եւ ազգային ավիափոխադրողին արտոնություններ չտրամադրելու մեջ:

«Բոլոր հարցերը կարգավորված են», - երկուշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Արմավիա» ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը: - «Չեմ ուզում ներկայացանել, թե ինչպես, քանի որ դա, ամեն դեպքում, երկու ընկերությունների միջեւ կոմերցիոն համաձայնություն է: Կողմերը գոհ են, թեեւ կցանկանային իրականում ավելիին հասնել: Կարեւորն այն է, որ մեզ հաջողվեց փոխզիջման հասնել օրենսդրության շրջանակներում»:

Արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Արմենիա միջազգային օդանավականներ» ընկերությունը (որը «Զվարթնոց» օդանավակայանի հավատարմագրային կառավարիչն է) եւ Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Արմավիա» ընկերությունը Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության միջնորդությամբ անցած ուրբաթ օրը ստորագրել են հետագա գործունեւության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր:

«Արմենիա միջազգային օդանավականներ» ընկերության տնօրեն Մալսելո Վենդեն, իր հերթին ասաց. - «Մենք հասկանում ենք, որ «Արմավիա»-ն լուրջ ներդրումներ է կատարում, փորձում է նոր օդանավեր բերել Հայաստան: Սակայն մենք էլ վարկային պարտավորություններ ունենք միջազգային տարբեր բանկերի առջեւ, եւ «Արմավիա»-ն պետք է հասկանա, որ մենք լուրջ ներդրումներ ենք կատարել ուղեւորափոխադրման նոր տերմինալում, որը պատրաստվում ենք շահագործման հանձնել այս տարվա աշնանը»:

Միխայիլ Բաղդասարովը, նշենք, օրերս դժգոհություն էր հայտնել, որ «Զվարթնոց»-ում սպասարկման գները միջին հաշվով երկու անգամ բարձր են, քան Մոսկվայի, Հռոմի եւ Փարիզի օդանավակայաններում:

Կողմերը խուսափում են հստակ կերպով նշեց, թե որքան է կազմում «Արմավիա»-ի պարտքը եւ ինչ ժամկետում է կուտակվել:

«Պարտքը ոչ մեկ ամիս էր, ոչ էլ երեք ամիս», - ասաց Արտյոմ Մովսիսյանը` պարզաբանելով. - «Պայմանավորված է վերգետնյա սպասարկումներով, պայմանավորված է ուղեւորի սպասարկման գումարով, պայմանավորված է ավիավառելիքի ծավալներով: Իրոք կա պարտք, իրոք արդեն բավականին մեծ են ֆինանսական հոսքերը, շրջանառությունները եւ կարող են լարվածություններ առաջացնել»:

Հարցին, թե կարող է արդյոք Հայաստանի կառավարությունը երաշխավորել, որ նման իրավիճակները ապագայում չեն կրկնվի, Մովսիսյանը արձագանքեց. - «Ուղեւորափոխադրման վրա տնտեսվարողների` ավիաընկերությունների եւ օդանավականի, գործունեությունը անմիջականորեն ազդելու է: Եվ նմանատիպ երաշխավորություն չի կարող անել որեւէ կառավարություն, որովհետեւ ավիաընկերության բացասական աշխատանքի, վատ վիճակի հետ կապված ցանկացած տեղում կարող են պրոբլեմներ առաջանալ»:
please wait

No media source currently available

0:00 0:05:15 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG