Մատչելիության հղումներ

Բրայզան քննադատում է Ստեփանակերտի օդանավակայանի դեմ Ադրբեջանի սպառնալիքները


Ստեփանակերտի օդանավակայանի նորակառույց շենքը
Ստեփանակերտի օդանավակայանի նորակառույց շենքը
Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպան, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան «անընդունելի» է որակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, այդ թվում՝ քաղաքացիական օդանավերի նկատմամբ ուժի կիրառման սպառնալիքը։

Շաբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում Մեթյու Բրայզան անդրադարձել է ԵԱՀԿ-ի մարտի 17-ի հայտարարությունում հնչեցված կոչին՝ դիպուկահարներին հեռացնելու մասին, եւ կարեւորել ԵԱՀԿ-ի կողմից քննության անցկացումը՝ շփման գծի մոտակայքում իննամյա ադրբեջանցի տղայի եւ ուրբաթ օրը հայ զինծառայողի մահվան փաստերի առնչությամբ։

Բրայզան նշել է, որ մահվան այդ դեպքերը հերթական անգամ ապացուցում են, որ ուժի գործադրումը պետք է դատապարտման արժանանա։

«Ինչպես համանախագահները շարունակաբար հայտարարել են, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի», - ընդգծել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանը։

«Ասվածի առնչությամբ պետք է ասեմ, որ ուժի գործադրման սպառնալիքը, այդ թվում` քաղաքացիական օդանավերի դեմ, այն դեպքում, երբ այդ օդանավը որեւէ սպառնալիք չի ներկայացնում, անթույլատրելի է եւ չի համապատասխանում Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների ստանձնած պարտավորություններին՝ հակամարտության խաղաղ, բանակցային կարգավորման վերաբերյալ», - հավելել է Մեթյու Բրայզան։

Այս շաբաթ Ադրբեջանը, անդրադառնալով Ստեփանակերտում քաղաքացիական օդանավակայանի վերակառուցման եւ մայիսին Երեւան – Ստեփանակերտ թռիչքների բացման մասին լուրերին, սպառնացել էր «վերացնել օդանավերը», փաստարկելով, որ «Լեռնային Ղարաբաղի օդային տարածքը գտնվում է Ադրբեջանի իշխանությունների տնօրինության տակ, այն փակ է»։

«Մենք կողմերին կոչ ենք անում լուծել քաղաքացիական ավիացիայի անվտանգության խնդիրները նախքան Լեռնային Ղարաբաղում նոր օդանավակայանի բացումը», - հավելել է Միացյալ Նահանգների դեսպանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG