Մատչելիության հղումներ

Հարություն Խաչատրյանի ֆիլմերը ցուցադրվում են Մեքսիկայում


Կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը:
Կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը:

Մարտի 11-27-ը Մեքսիկայի մայրաքաղաքում անցկացվում է հայ կինոռեժիսոր, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը:

Նախաձեռնությունը Մեքսիկայի ազգային կինոարխիվինն ու Մեխիկոյի «Պլանետա» կինոթատրոնինն է:

Ցուցադրվելու են «Կոնդ», «Վավերագրողը», «Վերադարձ ավետյաց երկիր», «Պոետի վերադարձը» եւ «Սահման» ֆիլմերը:

Հարություն Խաչատրյանը, ով վատառողջության պատճառով չի մեկնել Մեքսիկա, չորեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց նաեւ, որ անցած ամիս Մեքսիկայում կայացել է նաեւ մեր անվանի վավերագրող Արտավազդ Փելեշյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը:

Հարություն Խաչատրյանի խոսքով, հայտնվել են երիտասարդ հայ կինոռեժիսորներ, որոնց ֆիլմերը հետաքրքրություն են առաջացնում միջազգային կինոփառատոներում: Հայաստանի հանդիսատեսը, սակայն, այդ ֆիլմերին գրեթե ծանոթ չէ, որովհետեւ դրանք այստեղ չեն ցուցադրվում:

«Չկա ցուցադրության քաղաքականություն, որովհետեւ կինոթատրոնները մասնավոր են, հայկական ֆիլմերը այդքան փող չեն բերի», - այս կապակցությամբ ասաց Խաչատրյանը` շարունակելով. - «Մենք խնդրելու ենք քաղաքապետից, որպեսզի մեկ դահլիճ տան, որպեսզի մենք կարողանանք ե’ւ միջազգային լավագույն արվեստը, ե’ւ հայկական լավագույն կինոն օրերով, լեկտորիումներով ցուցադրել»:

Ասուլիսին մասնակցում էր նաեւ «Ոսկե ծիրանի» ծրագրերի գլխավոր տնօրեն Միքայել Ստամբոլցյանը, ով ցավով նշեց, որ Շառլ Ազնավուրի հրապարակից անհետանում են հայ կինոգործիչների աստղերը:

«Աստղերի թեւերը պոկել են… Հուսահատվում ես նման վերաբերմունքից, մտածում ես` այս ամեն ինչու ո՞ւմ համար ենք անում», - ասաց նա:
please wait

No media source currently available

0:00 0:04:11 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG