Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանն ընդունել է Մինսկի խմբի համանախագահներին


Չորեքշաբթի օրը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել տարածաշրջանային այցով Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ), Իգոր Պոպովի (Ռուսաստան) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:

Ինչպես փոխանցել է Սերժ Սարգսյանի մամլո գրասենյակը, երկրի նախագահը վերահաստատել է Սոչիում վերջին եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում բանակցությունները շարունակելու` հայկական կողմի պատրաստակամությունը. - «Նշվել է, որ հանդիպմանը հետեւած ժամանակահատվածում հայկական կողմը հետեւողական քայլեր է կատարել ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ հանրությանը իրազեկելու եւ կողմերի միջեւ փոխվստահության մթնոլորտ ձեւավորելու ուղղությամբ»:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել «Սոչիի հանդիպումից հետո Ադրբեջանի կողմից շարունակվող սադրանքներին, այդ թվում` հայ զինծառայողի սպանությանը, ապակառուցողական հայտարարություններին եւ սադրանքներին, մասնավորապես տարածվող ապատեղեկատվությանն այն մասին, թե 9-ամյա երեխա է զոհվել հայ դիպուկահարի կրակոցից»: Սերժ Սարգյանը «բացարձակ զրպարտանք» է որակել այդ մեղադրանքը:

Այսօր ավելի վաղ Մինսկի խմբի համանախագահները հանդիպում են ունեցել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ համանախագահներին Ստեփանակերտում սպասում են օրվա երկրորդ կեսին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG