Մատչելիության հղումներ

ՀԱԷԿ-ում «չի կարող ստեղծվել» Ֆուկուշիմայի իրավիճակը


Մեծամորի ատոմակայանը
Մեծամորի ատոմակայանը

Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում երկուշաբթի օրը, վկայակոչելով ուսումնասիրությունների փորձը, ասաց, որ Ճապոնիայում անցած շաբաթ տեղի ունեցած երկրաշարժի ուժգնությամբ երկրաշարժ Հայաստանում, ամենայն հավանականությամբ, երբեք չի գրանցվի:

Մեծամորի ատոմակայանում, ըստ Մարտիրոսյանի, «չի կարող ստեղծվել այնպիսի իրավիճակ, ինչպիսին գրանցվեց Ճապոնիայում անցած շաբաթ տեղի ունեցած երկրաշարժի եւ ցունամիի հետեւանքով»:

Նրա խոսքով, հայկական ատոմակայանի գործող էներգաբլոկի վերագործարկումից` 1995 թվականից առաջ անցկացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ԱԷԿ-ի համար «հրապարակը ճիշտ է ընտրված, եւ ատոմակայանի թե' սեյսմիկ, թե' ընդհանուր անվտանգությունը տարեցտարի բարձրանում է»:

«Բնականաբար, ավելացավ սեյսմիկ հարվածի ժամանակ, այսպես կոչված գրունտի արագացումը, որը նոր հասկացություն էր: Նախկինում ատոմակայանի անվտանգության մակարդակը նախատեսված էր 7 եւ 8 բալլի համար, հիմա արդեն վերահաշվարկ է կատարված առավելագույն հնարավոր երկրաշարժի համար: Եվ հաշվարկները ցույց են տվել, որ ատոմակայանը ունի անհրաժեշտ ամրության պաշար, որպեսզի դիմակայի նման երկրաշարժի», - նշեց Մարտիրոսյանը` հավաստիացնելով, թե անվտանգության է'լ ավելի խիստ պահանջներ կդրվեն կառուցվելիք էներգաբլոկի շինանարության ժամանակ:

Աշոտ Մարտիրոսյանը բացառեց, թե ՀԱԷԿ-ում կարող է ստեղծվել այնպիսի իրավիճակ, ինչպես ճապոնական Ֆուկուշիմայի ատոմակայանի ռեակտորներում, որտեղ կանգ էր առել հովացման համակարգը, քանի որ Մեծամորի ռեակտորը երկկոնտուրանի է. - «Ռեակտորի հովացումը կատարվում է երկրորդ կոնտուրի միջոցով, որը առանձին համակարգ է, առանձին պատնեշ է իրենից ներկայացնում: Նման իրավիճակ մեզ մոտ տեսականորեն հնարավոր չէ, որ լինի»:

Մեծամորի ատոմակայանի նախկին տնօրեն Սուրեն Ազատյանի խոսքով, Մարտիրոսյանի տված գնահատականը «սպառիչ չէ»: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նա նշեց, որ թեեւ «ընթացիկ խնդիրները լուծելի են», ՀԱԷԿ-ի անվտանգությանը նկատմամբ ուշադրությունը պակասեցնել չի կարելի:

«Չեռնոբիլից հետո էլ մեր բոլոր անվտանգության պահանջները փոփոխեցին` միանգամից մի քանի անգամ կոշտացրեցին: Հիմա ճապոնական այս երեւույթից հետո նորից կվերանայվեն պահանջները: Պարտադիր: Այս բոլորը իրագործելու պարագայում կարելի է հանգիստ շահագործել էլ, կառուցել էլ: Մեր փորձը դա ապացուցել է: Պետք չէ պանիկայի ենթարկվել ու ասել` գիտեք ինչ, սա ահավոր տեխնոլոգիա է, որից պետք է հրաժարվել… Չէ՞ որ մեր ատոմակայանը աշխատում էր այն ժամանակ, երբ [Սպիտակի] երկրաշարժն եղավ, այդ պայմաններում ատոմակայանը շարունակեց աշխատել», - եզրափակեց Սուրեն Ազատյանը:

please wait

No media source currently available

0:00 0:04:30 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG