Մատչելիության հղումներ

Ֆրանսահայերը բողոքի ցույց են անցկացրել Սենատի շենքի մոտ


Ֆրանսահայերը Փարիզում՝ Սենատի շենքի մոտ, շաբաթ օրը բազմամարդ ցույց են անցկացրել՝ պահանջելով, որ Սենատի օրակարգում ընդգրկվի Հայոց ցեղասպանությունը մերժելու համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագիծը։

Ցույցին մասնակցել են աշխարհահռչակ երգիչ եւ դերասան, այժմ արդեն Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը, ֆրանսահայ քաղաքական գործիչ Պատրիկ Դեւեջյանը։

2006 թվականի հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը օրինագիծ ընդունեց, որով 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժխտումը հանդիսանում է քրեորեն պատժելի հանցագործություն: Փաստաթուղթը սահմանում է, որ հայերի զանգվածային սպանդի ժխտումը պատժվում է մեկ տարվա ազատազրկմամբ եւ 45 հազար եվրո տուգանքով:

Այդուհանդերձ, օրենքի ուժ ստանալու համար օրինագիծը մինչ այժմ սպասում է Սենատի կողմից վավերացմանը:

Անցած տարեվերջին, հիմնվելով Wikileaks կայքի կողմից գաղտնազերծված դիվանագիտական փաստաթղթի վրա, Ֆրանսիական Le Monde հեղինակավոր օրաթերթը տեղեկություններ էր հրապարակել այն մասին, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, որը ֆրանսահայ համայնքին շռայլ խոստումներ էր տվել 2007 թվականի ընտրապայքարի ժամանակ` այդ օրինագծի վավերացմանը նեցուկ լինելու վերաբերյալ, նախագահ ընտրվելուց մեկ ամիս անց Անկարա այցելած իր խորհրդականի միջոցով երաշխավորել է Թուրքիայի իշխանություններին, որ ինքն անելու է ամեն ինչ`այդ օրինագիծը Սենատում խափանելու համար:

Այս բացահայտումը բուռն հակազդեցություններ է առաջացրել շուրջ կեսմիլիոնանոց ֆրանսահայ համայնքում, որի ձայնը կարող է վճռորոշ նշանակություն ունենալ 2012 թվականին Ֆրանսիայում անցկացվելիք նախագահական ընտրություններում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG