Մատչելիության հղումներ

Ֆիննական նկարահանող խմբին արգելել են մուտք գործել Հայաստան


Խումբը ներկայացնում է մի պրոդյուսերական ձեռնարկություն, որը մեծ պայմանագիր ունի Ադրբեջանի մշակույթի նախարարության հետ:

Հայաստանը հրաժարվել է մուտքի արտոնագրեր տրամադրել ուրբաթ օրը Երեւանի «Զվարթնող» օդանավակայան ժամանած ֆիննական YLE հանրային հեռուստառադիոընկերության չորս հոգուց բաղկացած նկարահանող խմբին:

Նկարահանող խմբի պրոդյուսեր Անդյուս Բրոկասը «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում Ֆինլանդիայից փոխանցել էր, որ 4 լրագրողներից բաղկացած միջազգային խումբը պատրաստվում էր Ֆինլանդիայի ազգային հեռուստաալիքի առավոտյան թողարկման համար ռեպորտաժ նկարահանել: Սակայն մուտքի արտոնագրեր չստանալու հետեւանքով խումբը հարկադրված է եղել մի քանի ժամ անցկացնել օդանավակայանում եւ առավոտյան մեկնել Հայաստանից:

Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցմանը, Հայաստանի ներսում մուտքի արտոնագրերի տրամադրմամբ զբաղվող գերատեսչություններից` Ոստիկանությունից եւ Ազգային անվտանգության ծառայությունից, խուսափեցին պարզաբանումներ ներկայացնել տեղի ունեցածի կապակցությամբ:

«Հայաստան մուտք չստանալը կարող է կապ ունենալ ոչ հայաստանյան խնդիրների հետ, քանի որ մեր սահմանային համակարգը ՀԱՊԿ-ի մաս է կազմում: Այսինքն` տեսականորեն այդ մարդիկ կարող է խնդիր ունենան Բելառուսում, բայց ավտոմատ կասեցվի իրենց մուտքը նաեւ Հայաստան: Բայց դա զուտ տեխնիկական բացատրություն է», - շաբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց տեղեկատվական եւ քարոզչական տեխնոլոգիաների փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Այդուամենայնիվ, փորձագետը չի բացառում, որ նկարահանող խմբին արգելել են մուտք գործել Հայաստան, քանի որ նրանք կարող էին հակահայկական քարոզչական ֆիլմ նկարահանել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ:

«Այդ մարդիկ ներկայացնում են մի պրոդյուսերական ձեռնարկություն, որը մեծ պայմանագիր ունի Ադրբեջանի մշակույթի նախարարության հետ: Այսինքն` կարելի է ենթադրել, որ իրենք կարող են այստեղ ինչ-որ պատվեր կատարել Ադրբեջանի համար», - ասաց Սամվել Մարտիրոսյանը:

Ֆիննական նկարահանող խումբը օդանավակայանում հայտարարել էր, որ իրենք եկել են Հայաստան Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հարցազրույց անելու նպատակով, եւ երկրից իրենց վտարումը ներկայացրել էին որպես խոսքի ազատության սահմանափակում:

Մինչդեռ, Լեւոն Տեր-Պետրոսյանի մամլո խոսնակ Արման Մուսինյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքեց ֆինների խոսքերը:

«Հարցազրույցի խնդրանքով նրանք ինձ դիմել էին, սակայն որեւէ պայմանավորվածություն չի եղել», - նշեց Մուսինյանը:

Տեղեկատվական եւ քարոզչական տեխնոլոգիաների փորձագետ Սամվել Մարտիրոսյանը սա համարում է եւս մեկ ապացույց, որ ֆիննական նկարահանող խմբի այցը ունեցել է միայն մեկ նպատակ` ղարաբաղյան հակամարտության հետ կապված քարոզչական ֆիլմ նկարել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG