Մատչելիության հղումներ

Մարտի 12-ի մամուլ


«Հայկական ժամանակ»-ի տնտեսական մեկնաբանը համոզված է, որ իշխանությունները խուճապի մեջ են: - «Այդ խուճապի խորության յուրօրինակ ցուցիչը երեկ Սերժ Սարգսյանի հրավիրած խորհրդակցությունն էր, որի պաշտոնական անվանումը հնչում է հետեւյալ կերպ. «Տնտեսական քաղաքականության իրականացման առաջնահերթությունների վերաբերյալ»: Սերժ Սարգսյանի ծավալուն ճառը խորհրդակցության ժամանակ իր բովանդակությամբ նման էր արաբական երկրներից մի քանիսի շեյխերի ելույթներին: Այդ շեյխերը, զգալով, որ եգիպտական հեղափոխության կրակը հասնում է նաեւ իրենց երկրներ, շնչակտուր ու լփլփալով ինչ-որ խոստումներ են տալիս ժողովրդին: Երեկվա ճառը ճիշտ այդ բովանդակությունն ուներ: «Մեզնից յուրաքանչյուրը պարբերաբար պետք է այցելի գյուղ` ե՛ւ վարչապետը, ե՛ւ փոխվարչապետը, բոլոր նախարարները: Ինքս եմ պարբերաբար գնալու գյուղ, զբաղվելու գյուղատնտեսական խնդիրներով, եւ ինքս եմ որոշ ծրագրեր հսկողության տակ պահելու: Այդ ծրագրերի արդյունքները պետք է երեւան: Գյուղացին պետք է տեսնի, որ ինքը մենակ չէ»,- ասում էր Սերժ Սարգսյանը: Բա սա խուճապ չէ, ինչ է», - գրում է «Հայկական Ժամանակ»-ի տնտեսական մեկնաբանը:

«Արդյոք մեզ պե՞տք են նման օրենսդիրներ» վերնագրված հոդվածում «Հայոց աշխարհ» օրաթերթում կարդում ենք. - «Մարտի 3-ին կառավարության շենքի դիմաց դեբոշ սարքելուց, երեկ ԱԱԾ շենքի մոտ նման ակցիա կազմակերպելուց հետո միայն ապուշը կհավատա, թե Տիգրան Փոստանջյանին կաշառակերության մեղադրանք առաջադրելով՝ «իշխանությունները ճնշում են գործադրում «Ժառանգության» վրա»: Հետաքրքիր է, այդ ճնշումը ինչպե՞ս է արտահայտվում, երբ Տիգրան Փոստանջյանի նկատմամբ քրգործ հարուցելուց եւ դատարանի որոշմամբ նրան երկամսյա կալանքի ենթարկելուց հետո «Ժառանգությունը» սկսեց ավելի կատաղի ու անզիջում պայքար մղել հասարակական կարգի պահապանների դեմ: Ավելին` սաստկացրեց իշխանության հասցեին վիրավորանքների, հոխորտանքների ու հիշոցների ուժգնությունը: Սակայն, պարզվում է, մեզանում «ճնշվածները» հենց այսպես են գործում ու գրոհում»:

Անդրադառնալով ոստիկանության վերջին գործողություններին ու ոստիկանության կողմից դրանց տրված բացատրություններին` «Առավոտի» խմբագիրը գրում է. - «Տրամաբանությունը հուշում է, իսկ օրենքները պահանջում են, որ ոստիկանությունը, ինչպես նաեւ իրավապահ եւ ուժային այլ մարմիններ պետք է լինեն ապաքաղաքական: Նման պահանջ կա, բնականաբար, նաեւ Հայաստանի օրենքներում: Այսինքն` եթե դու, ենթադրենք, հակահետախույզ ես, ապա քո պարտականությունն է հայտնաբերել եւ չեզոքացնել օտարերկրյա լրտեսներին, անկախ նրանից` քո երկրի ռեժիմը ժողովրդավարական է, թե տոտալիտար, կամ իշխանության գլխին սոցիալիստներն են կանգնած, թե լիբերալները: Բնականաբար, դու չպիտի նաեւ այդ հարցերով դատողություններ անես, որովհետեւ` եթե սկսես անել, ես քեզ կարող եմ կասկածել, որ դու ոչ թե լրտես ես բռնում, այլ հետապնդում ես նրանց, ում քաղաքական հայացքները դու, կամ քո վերադասները չեն հավանում: Բայց արի ու տես` մեր բարձրաստիճան ոստիկանները վերջերս որոշել են հանդես գալ քաղաքական գործիչների կամ առնվազն` մեկնաբանների դերում: Եթե այդ գործը իրենց շատ է դուր գալիս, ապա, անշուշտ, իրենց իրավունքն է` թող պաշտպանեն իշխանությանը ընդդիմությունից կամ հակահեղափոխականներին` հեղափոխականներից: Միայն թե այդ դեպքում նրանք պետք է թողնեն իրենց ծառայությունը (ներառյալ տարբեր բիզնեսներին «տանիք» կանգնելը) եւ դառնան ազատ քաղաքացիներ: Սակայն նրանք շարունակ խոսում են քաղաքական թեմաներով հենց իրենց ներկա` ոստիկանական կարգավիճակով: Այդպես էին վարվում թե Ռոբերտ Մելքոնյանը` «Կենտրոնի» եթերում, թե Խաչատուր Ավետիսյանը` Հանրապետության հրապարակում, եւ վերջապես ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը` նույն վայրում: Այդ ոստիկանները գնահատում էին այս կամ այն քաղաքական ուժի վարքագիծը, որոշում էին լավ բան է հեղափոխությունը, թե վատ: Այսինքն` մտնում էին իրենց իրավասություններից դուրս գտնվող ոլորտներ: Ոստիկանները, կրկնեմ, այս հարցերի շուրջ պետք է լռեն»:

«Հրապարակ» օրաթերթը զրույցել է Ռազմական ոստիկանության պետ Արամ Տեր-Սահակյանի հետ: Լրագրողը հարցնում է. -« Վերջերս Ռազմական ոստիկանությունը բավական աղմկահարույց բացահայտում արեց զորամասերից մեկում «Ռոժ» մականունով հրամանատարի գործողությունների հետ կապված: Ու փաստորեն, նա ազատ արձակվեց «գործուն զղջումով»: Չե՞ք կարծում, որ նման դեպքը բացասաբար է անդրադառնում ոստիկանության հեղինակության վրա»: Պատասխան. - «Ձեր կողմից «Ռոժ» անվանվող սպայի հանցագործությունը բացահայտվել է հենց Ռազմական ոստիկանության կողմից: Նյութերը փոխանցվել են քննչական ծառայություն, որտեղ հարուցվել է գործ: Հետո Ռոժը հետ է կանչվել Ռազմական ակադեմիայից, նրան մեղադրանք է ներկայացվել, ընտրվել է խափանման միջոց»: - «Բայց փաստ է, որ նա այսօր ազատության մեջ է», - նկատել է լրագրողը: Պատասխան. - «Այո, օրենքը այդ հնարավորությունը տալիս է», -հետեւել է Ռազմական ոստիկանության պետի պատասխանը: - «Մյուսներին, փաստորեն, նման հնարավորություն չի տալիս օրենքը», - շարունակում է լրագրողը: Պատասխան. - «Էթիկայից ելնելով` չեմ ուզում տալ գնահատական դատախազության կողմից կայացված որոշմանը: Համենայնդեպս, օրինական լուծում է ստացել էդ գործը: Ռոժն էսօր չի ծառայում ՊՆ-ում, էն նյութական վնասը, որ հասցրել է իր նյութական գործողություններով, լրիվ վերականգնված է»: - «Այսինքն` կարելի է քրեական հանցանք կատարել բանակում, բերել գումարները մուծել եւ չպատժվե՞լ», - Արամ Տեր-Սահակյանին հարցրել է լրագրողը: - «Այդ հարցը դուք ուղղեք օրենսդիր մարմնին: Օրենսդիր մարմինն էդ իրավունքը նախաքննական մարմնին տալիս է` գործուն զղջմամբ կարճել քրեական գործը», - «Հրապարակ»-ի լրագրողին պատասխանել է Ռազմական ոստիկանության պետ Արամ Տեր-Սահակյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG