Մատչելիության հղումներ

Կառավարությունը փորձում է զսպել գնաճը


Վարաչապետ Տիգրան Սարգսյանը վարում է կառավարության նիստը:
Վարաչապետ Տիգրան Սարգսյանը վարում է կառավարության նիստը:

Հայաստանի կառավարությունն առաջարկում է լրացում կատարել «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում` նպատակ ունենալով զսպել սոցիալական նշանակություն ունեցող առաջին անհրաժեշտության պարենային որոշ ապրանքների գնաճը:

«Նախատեսվում է 30 եւ ավելի օրերի ընթացքում 30 եւ ավելի տոկոս մանրածախ գների աճ ունենալու դեպքում, ըստ օրենքի հավելվածում ներառված առաջին անհրաժեշտության ապրանքանիշերի` թվով 20 ապրանքներ են, կառավարությանը տալ լիազորություն սահմանել դրանց մանրածախ գների վերին շեմը կամ առեւտրային վերադիրի չափը, բայց կիրառել այդ գործիքը 90 օրից ոչ ավելի ժամկետով», - գործադիրի այսօրվա նիստում պարզաբանեց Էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը:

Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը նշեց, որ առաջարկվող լրացումը հստակեցման կարիք ունի. - «Գյուղացիական շուկայի կարգավորող դերը ո՞նց ա գազարի, կարտոշկայի, սոխի վրա… Լիքը հարցեր կան: Ժամանակ ա պետք վերանայել այս դրույթները, շատ հստակեցնել մեխանիզմները»:

Վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքով, միջազգային պրակտիկայում ընդունված է գների կարգավորման դաշտում անհրաժեշտության դեպքում պետության ուղղակի միջամտությունը:

«Հասկանալի է, որ այս գործիքը հազվադեպ է օգտագործվում, եւ ցանկալի է, որ չօգտագործվի: Բայց նման գործիքի առկայությունը ինքնըստինքյան ունենում է դրական ազդեցություն շուկայի մասնակիցների վրա: Նրանք գիտակցում են, որ եթե փորձեն սպեկուլյատիվ կամ աժիոտաժային միջավայր ստեղծեն շուկայում, ապա պետությունը կարող է կիրառել կոշտ գործիք», - ասաց վարչապետը` հավելելով. - «Այս գործիքը մեր օրենսդրության մեջ չկար, այսօր առաջարկվում է այս գործիքը ունենալ, քանի որ մենք գտնվում ենք բարձր գնաճային փուլում, եւ պետությունը պետք է ունենա ամբողջական գործիքակազմ` գնաճը զսպելու համար»:

Ցանկում ընդգրկված են հետեւյալ ապրանքները` տավարի միս, հավ, ձուկ, կաթ, կարագ, պանիր, ձու, կարտոֆիլ, սոխ, գազար, թեյ, ցորեն, ալյուր, հաց, շաքար, մարգարին, աղ, բրինձ, հնդկաձավար եւ արեւածաղկի ձեթ:

Կառավարությունը այսօր որոշեց փոփոխություն ու լրացում կատարել նաեւ դեղերի գրանցման կարգում:

«Նախատեսվում է պարզեցնել Հայաստանի Հանրապետությունում դեղերի գրանցման գործընթացը, եւ Եվրոպական միության անդամ որեւէ երկրում կամ Միացյալ Նահանգներում կամ Ճապոնիայում գրանցված դեղերի գրանցման ընթացակարգը եւ նշված երկրներից ներմուծվող դեղերը գրանցել 30 օրվա ընթացում` առանց լաբորատոր փորձաքննության», - նիստում ասաց Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը:

«Այս գործընթացների պարզեցումը նպաստելու է նաեւ, որ դեղորայքի գները Հայաստանում չբարձրանան, քանի որ, ճանաչելով միջազգային սերտիֆիկացիայի գործընթացի կանոնները, մենք էապես նվազեցնում ենք ծախսատարությունը», - նշեց Տիգրան Սարգսյանը:

Ընթացիկ տարվա հունվար-փետրվար ամիսներին, ըստ պաշտոնական տվյալների, պարենային ապրանքների գները, նախորդ տարվա նույն ժամանկաշրջանի համեմատությամբ, աճել են 18 տոկոսով:

please wait

No media source currently available

0:00 0:03:29 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG