Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը «զրույցի է հրավիրում» ընդդիմության հանրահավաքին մասնակցած անձանց


Մարտի 1-ին Երեւանում կայացած ընդդիմության երթը
Մարտի 1-ին Երեւանում կայացած ընդդիմության երթը
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը տեղեկացնում է, որ ընդդիմության մարտի 1-ի հանրահավաքից հետո տասնյակ քաղաքացիներից ահազանգեր են ստացել այն մասին, որ ոստիկանությունը փորձում է պարզել, թե ինչու են վերջիններս մասնակցել հանրահավաքին:

Հայաստանի տարբեր մարզերի բնակիչներ պատմել են, որ իրենց հրավիրում են ոստիկանական բաժանմունքներ, որտեղ իրավապահները փորձում են պարզել ընդդիմության հանրահավաքին մասնակցելու պատճառները: Բռնություններ գործադրելու մասին տեղեկություններ չկան, ըստ քաղաքացիների` ոստիկաններն իրենց հետ հանգիստ զրուցում են:

ՀԱԿ-ին դիմածներից մեկը` Համբարձում Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ մարտի 7 ին ոստիկանության Էջմիածնի բաժնից մի կապիտան իրեն զանգել է եւ տեղեկացրել, որ ցանկանում է հետը զրուցել: Ըստ` Հարությունյանի` իրեն հարցեր են տվել իր ավտոմեքենայի մասին, մասնավորապես, թե ո՞վ է վարում տվյալ պետհամարանիշով ավտոմեքենան եւ ինչո՞ւ է մարտի 1-ին կայանված եղել «Պոնչիկանոց» կոչվող սրճարանից մի քանի մետր վերեւ: Հանրահավաքին մասնակցած Հարությունյանը ասել է, թե ինքը ոչ մի օրենք չի խախտել եւ ոչ ոք իրավունք չունի «կոպտորեն ոտնահարել իր սահմանադրական իրավունքը»:

Ընդդիմությանն ահազանգած մեծ այլ քաղաքացի` Վեդիից Գարիկ անունով մի երիտասարդ էլ պատմեց, որ իրեն շաբաթ օրը եկել տանից տարել են ոստիկանության Վեդիի բաժին ու փորձել են ճշտել, թե մարտի 1-ին ինչո՞ւ է եկել Երեւան:

«Ասացի, որ ցույցին չեմ եղել, հիվանդանոցում եմ եղել: Դե, էդ ցույցի օրերին, դուրս է գալիս, որ իրավունք չունենք Երեւան գալու: Անկապ մի 2 ժամ մնացել եմ, հետո թողել են», - ասաց Գարիկը:

ՀԱԿ Հրազդանի կառույցի ղեկավար Մեսրոպ Մեսրոպյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց, որ այս օրերին 4-5 հոգու էլ կանչել են Հրազդանի ոստիկանություն:

«Վերջին միտինգից հետո մեր մի քանի ակտիվիստների` Խաչատրյան Խաչիկին, Փիլիպոսյան Աշոտին, Գրիգորյան Մանվելին, Ներսիսյան Արշակին կանչել են ոստիկանության բաժանմունք եւ փորձել են մտերմիկ, ինչպես իրենք են բնութագրում, զրույց ունենալ: Հարցերը հետեւյալն բնույթի են եղել` իբր ինչո՞ւ եք գնում միտինգի, ինչի՞ց եք դժգոհ, մի' գնացեք...», - ասաց Մեսրոպյանը, ում խոսքով քաղաքացիներն ապօրինի են կանչվում բաժանմունքեր` առանց ծանուցագրի:

ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը կարծիք հայտնեց, որ իշխանությունները հոգեբանական եւ ինֆորմացիոն պատերազմ են սկսել սեփական ժողովրդի դեմ:

«Վերջին հուսահատական ճիգերն են անում, փորձում են ռեպրեսիվ ապարատը գործածել, որ աճող ընդվզման, դեմոկրատական այս ալիքի դեմն առնեն», - ասաց Զուրաբյանը:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից հերքեցին ընդդիմադիրների եւ քաղաքացիների բոլոր պնդումները եւ փոխանցեցին, որ հանրահավաքի առիթով քաղաքացիներին ոստիկանության բաժիններ հրավիրելու դեպքեր չեն եղել: Ինչ վերաբերում է իրենց հրավիրելու փաստը բարձրաձայնած անձանց, ապա ոստիկանությունից փոխանցեցին, որ Համբարձում Հարությունյանը Էջմիածնի ոստիկանություն հրավիրվել է ավտոմեքենայի հետ կապված խնդիրների առնչությամբ, Գարիկ անունով անձը ոստիկանության Վեդիի բաժին չի կանչվել, Մեսրոպ Մեսրոպյանի հրապարակած անուն ազգանուններով անձինք եւս ոստիկանության Հրազդանի բաժին չեն կանչվել:

please wait

No media source currently available

0:00 0:05:09 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG