Մատչելիության հղումներ

Մեծ Պահքը մեկնարկում է մարտի 7-ից


Այս տարի մարտի 7-ից սկսվում է Մեծ Պահքի շրջանը: Այն տեւում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչեւ Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Այս տարի Ս. Հարության տոնը կնշվի ապրիլի 24-ին:

Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդները պահքի շրջանում պետք է օգտագործեն բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք: Այդ ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլեւ մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից եւ այլ մեղքերից:

«Պահքը ընդհանրապես միջոց է մարմինը սանձելու եւ մարմնի ցանկությունների գերին չդառնալու», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Պահքի խորհուրդը պարզաբանեց Տեր Կյուրեղ քահանան:

«Որոշ ուտելիքներից հրաժարվելը ընդամենը մի միջոց է: Մյուսը` լեզվի պահք: Պատկերացրեք` մարդը ծոմ է պահում, բայց լեզուն չար է, հայհոյանքներով եւ անընդունելի բառերով լեցուն: Անընդունելի է նաեւ, երբ պահք ես պահում, բայց հեռուստացույցով անառակություններ ես դիտում: Ուրեմն` պահքը շատ ավելի խորը եւ լայն շրջանակներ ընդգրկող մի միջոց է», - հավելեց Տեր Կյուրեղը:

Պահքի 40 օրը խորհրդանշում է անապատում Քրիստոսի քառասնօրյա աղոթքի, ծոմապահության եւ ապաշխարության շրջանը:

Քառասնօրյա պահքին հաջորդում է պահոց եւս մեկշաբաթյա շրջան` Ավագ շաբաթը: Այդ է պատճառը, որ պահքը 48 օր է տեւում:

Մեծ Պահքն ունի յոթ կիրակի, յոթ հիշարժան օրեր. Բուն բարեկենդան, Արտաքսում, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան եւ Ծաղկազարդ:

Մեծ Պահքն այս տարի կիսվում է մարտի 30-ին եւ կոչվում է միջինք: Ժողովրդական սովորության համաձայն` այդ օրր բաղարջից պահոց գաթա են պատրաստում, որի մեջ մետաղադրամ են դնում: Սովորության համաձայն` բաժին հասնող մետաղադրամը հաջողություն է բերում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG