Մատչելիության հղումներ

Հայաստանի ԱԳՆ. «Ադրբեջանը փորձում է լարել մթնոլորտը նախագահական հանդիպումից առաջ»


«Այսօր Ադրբեջանը հերթական սադրիչ գործողությունն է իրականացրել Արցախի հետ շփման գծում՝ դիպուկահարի կրակոցով սպանելով Պաշտպանության բանակի զինվորի», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը:

«Ռուսաստանի Դաշնության նախագահի նախաձեռնությամբ եւ ներկայությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Սոչիում կայանալիք հերթական հանդիպման նախաշեմին, միջազգային հանրության, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների` դիպուկահարներին շփման գծից դուրս բերելու վերաբերյալ շարունակական կոչերին համաձայնելու եւ իրագործելու փոխարեն, Ադրբեջանը գնում է հերթական սադրանքին` փորձելով լարել մթնոլորտը նախագահական հանդիպումից առաջ», - ընդգծել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի քարտուղարը եւ համոզմունք հայտնել, որ «Ադրբեջանի այս պահվածքը պետք է արժանի արձագանք ստանա միջազգային հանրության կողմից»:

Այսօր Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան (Վերին Չայլու) ուղղությամբ ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի հերթական խախտման արդյունքում զոհվել է Ղարաբաղի Պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող` 20-ամյա Գրիգոր Շախկանյանը:

Վաղը Սոչիում նախատեսված է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG