Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»-ը սպառնում է դատի տալ «պատժիչ գործողությունների» մասնակից ոստիկաններին


Ոստիկանները Հանրապետության հրապարակից բերման են ենթարկում ակտիվիստ Վարդգես Գասպարիին, Երեւան, 3-ը մարտի, 2011թ.
Ոստիկանները Հանրապետության հրապարակից բերման են ենթարկում ակտիվիստ Վարդգես Գասպարիին, Երեւան, 3-ը մարտի, 2011թ.
«Ժառանգություն» կուսակցությունը «ստահոդ» է որակում հինգշաբթի օրը կառավարության շենքի դիմաց տեղի ունեցածի առնչությամբ Ոստիկանության հաղորդագրությունում տեղ գտած պնդումները:

«Ժառանգություն»-ը հայտարարում է, որ եթե քրեական գործ չհարուցվի «օրինազանց իրավապահների ու նրանց համապատասխան հրահանգներ տված պետական պաշտոնյաների» նկատմամբ, ապա կուսակցությունը դատի կտա «պատժիչ գործողությունների» անմիջական մասնակից բարձրաստիճան ոստիկաններին` Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի գլխավորությամբ:

«Միանշանակ` նրանք պետք է ենթարկվեն պատասխանատվության, նրանք պետք է ազատվեն աշխատանքից, եւ նրանց պետք է ուղղակի զրկել այն բոլոր ոստիկանական կոչումներից, որոնք իրենք ստացել են իրենց քառասնամյա անփառունակ ծառայության ընթացքում` ինչպես Մելքոնյանն է ասում», - «Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:

Նա ակնհայտ է համարում, որ Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը սատարում է «օրինազանց» ոստիկաններին. - «Իմ ներկայությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետը նրան հանձնարարություն տվեց ծառայողական քննություն իրականացնել եւ երկու ժամվա ընթացքում ծառայողական քննության արդյունքները զետեղել կայքում: Նա [ոստիկանապետը] դրա փոխարեն հերթական ստահոդ մամլո հաղորդագրությունն է թույլ տալիս տարածել, ինչը նշանակում է, որ նա իր պաշտպանության տակ է առել այդ հանցագործություն կատարած բարձրաստիճան ոստիկաններին եւ չի պատրաստվում, ըստ էության, օբյեկտիվ եւ անկողմնակալ ծառայողական քննություն իրականացնել»:

Ոստիկանները հինգշաբթի օրը խոչընդոտեցին բացօթյա առեւտրի արգելքի դեմ կառավարության շենքի մոտ բողոքող մոտ երկու տասնյակ կանանց ակցիան եւ Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի հրահանգով ցուցարարներին ու նրանց միացած «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներին հրմշտելով մղեցին դեպի դիմացի մայթ, որտեղ կրքերն ավելի թեժացան:

Ոստիկանությունը նույն օրը երեկոյան տարածած պարզաբանման մեջ հիմնավորում է, որ «կառավարության շենքի դիմաց հավաքված քաղաքացիները իրենց վանկարկումներով, բղավոցներով եւ անվայել արտահայտություններով խանգարել են կառավարության անդամների ազատ տեղաշարժին, ինչպես եւ կառավարության հերթական նիստի բնականոն աշխատանքը»: «Ոստիկանության ծառայողները, իրենց ծառայողական պարտականություններից ելնելով, փորձել են կարգի հրավիրել նրանց, սակայն այդ անձինք Ազգային ժողովի պատգամավորներ, «Ժառանգություն» խմբակցության անդամներ Անահիտ Բախշյանի, Զարուհի Փոստանջյանի, Արմեն Մարտիրոսյանի, ավելի ուշ նրանց միացած Ստեփան Սաֆարյանի հորդորներով, հրաժարվել են ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին` շարունակելով խախտել հասարակական կարգը: Դրանից հետո ոստիկանության ծառայողները ձեռնամուխ են եղել կոնկրետ գործողությունների», - ասված է հաղորդագրությունում:

Ստյոպա Սաֆարյանի բնորոշմամբ, մինչդեռ, «դա բարբարոսություն էր օրը ցերեկով»:

Սաֆարյանը նաեւ հայտարարեց, որ գլխավոր դատախազությունը պարտավոր է քրեական գործ հարուցել իրենց հրապարակային հայտարարությունների եւ զանգվածային լրատվամիջոցներով տարածված տեսանյությում առկա փաստերի հիման վրա:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը, ով հինգշաբթի օրը տեղափոխվել էր հիվանդանոց, քանի որ հրմշտոցի մեջ ինքնազգացողությունը վատացել էր, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ոստիկանները ի սկզբանե բողոքի ակցիան ցրելու հրահանգ ունեին:

«Ի սկզբանե հրահանգված էր, որովհետեւ ի՞նչ են ասում այդ ժողովուրդը. ասում են` «մեզ աշխատանք տվեք, մեր երեխաներին բանակ եք տանում` առողջ հետ բերեք»: Այսինքն` այդ ժողովուրդը իր բողոքն է արտահայտում այդտեղ, որի իրավունքը ունի, եւ այդ իրավունքից զրկեցին այսօր», - ասաց Բախշյանը` հավելելով. - «Վախեցնել ժողովրդին, որ «տեսեք` կապ չունի` պատգամավոր եք, ով եք, ինչ եք, նույն ռեպրեսիոն մեթոդներով ձեզ կստիպենք լռել, ձեզ կստիպենք ձայն չհանել»:

«Այս է` վախ, հերթական անգամ, ուրիշ ձեւ չունեն: Որովհետեւ ընդամենը 10 կին էին այնտեղ, 15 թող լինեին, ոչ ավել: Այդ 15 կնոջը կառավարության շենքից քշելու համար 50 ոստիկան կար երեւի` բարձրաստիճան», - ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը:

Կատարվածը դատապարտել են նաեւ խորհրդարանական ընդդիմադիր Հայ հեղափոխական դաշնակցությունն ու արտախորհրդարանական Հայ ազգային կոնգրեսը:

Դաշնակցությունը իրավասու մարմիններից պահանջում է
անցկացնել անաչառ քննություն, «տալ կատարվածի իրավական գնահատականը եւ պատասխանատվության ենթարկել մեղավորներին»:

Հայ ազգային կոնգրեսը, իր աջակցությունն ու համերաշխությունը հայտնելով իրենց իրավունքների համար պայքարող բոլոր քաղաքացիներին եւ այդ պայքարը սատարող պատգամավորներին, դատապարտում է «իշխանության անզորությունից բխող հերթական այս վայրագությունը եւ հայտարարում, որ բոլոր օրինախախտները, սկսած կատարողներից եւ վերջացրած հրաման տվողներով, պատասխան են տալու օրենքի առաջ»:

«Ոստիկանն իրավունք չունի ձեռք բարձրացնել ոչ մի քաղաքացու վրա: Եթե Ազգային ժողովը համարժեք գնահատական չտա կատարվածին եւ միջոցներ չձեռնարկի, որ բոլոր մեղավոր ոստիկանները պատժվեն, ուրեմն ընդունում է, որ ինքն ամբողջ կազմով արժանի է նման վերաբերմունքի», - ասված է Հայ ազգային կոնգրեսի հայտարարության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG