Մարտի 1-2-ի իրադարձություններում վիրավորվածների թիվը պաշտոնական տվյալներով հասնում է 300-ի, ոչ պաշտոնական տվյալներով` անցնում է 500-ից: Նրանց գերակշռող մեծամասնությունը ցուցարարներ էին, ընդդիմության հաշվարկներով շուրջ 150 մարդ հրազենային վնասվածքներ էր ստացել կամ հատուկ միջոցներից էր վիրավորվել:
Արարատի մարզի Խոր Վիրապ գյուղի բնակիչ Խաչիկ Դավթյանը մարմնական վնասվածք է ստացել մարտի 1-ի գիշերը ժամը 22-ի շրջակայքում: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նա պատմեց, որ նախ այդ օրը վաղ առավոտյան Ազատության հրապարակում նստացույցը ցրելու` ոստիկանների օպերացիայի ժամանակ կոտրել են իր ատամնաշարը, իսկ երկրորդ վնասվածքը ստացել է «Չերյոմուխա-7» տեսակի հատուկ միջոցից: Ձկան խանութի շրջակայքից արձակված փամփուշտը կպել է աջ ոտքին, ինչի հետեւանքով շուրջ 2 տարի ձեռնափայտով էր քայլում: Նա ասում է, որ չի տեսել կրակողին, չի կարող ասել, թե ով է եղել:
Մինչեւ 2008-ի ապրիլի 17-ը Խաչիկ Դավթյանը հիվանդանոցում է եղել, ցանկացել են ոտքը կտրել, թույլ չի տվել: Հիվանդանոցից դուրս գալուց հետո կանչել են հարցաքննության: Նա պատմում է, թե քննչական մարմիններում իրեն ճնշումների են ենթարկել, ինչպես ինքն է բնորոշում, ընդդիմադիրների դեմ ցուցմունքներ կորզելու նպատակով:
«[Քննիչը] թերթը վերցրեց, դրեց ոտքիս, բա` է՞ս ոտդ է ջարդված, ասացի` հա: Վերցրեց թերթը գցեց ոտիս վրա, գիպսից բռնեց ու ֆռռցրեց ոտս, ցավում էր, դե էն ժամանակ ոտս լրիվ բաց էր, ոսկորը երեւում էր, ջլերս օդի մեջ», - պատմում է Դավթյանը:
Ըստ նրա` նաեւ սպառնացել են իր դեմ գործ հարուցել, բայց հետո գործով որպես տուժող է ճանաչվել:
Մարտի 1-ի հասարակական խորհրդի նախագահ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Առաքել Սեմիրջյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատմում էր, որ վիրավորված ցուցարարներից շատերի դեմ հետապնդումները արդեն մարտի 1-ի առավոտյան էին սկսվել: Ըստ Սեմիրջյանի, զանգվածային անկարգությունների մեղադրանքներով ձերբակալված ընդդիմադիրներից շուրջ 3 տասնյակը` մարտի 1-ի առավոտյան, ցերեկը եւ ուշ երեկոյան տեղի ունեցած իրադարձություններում վիրավորվածներ են եղել:
Գլխավոր դատախազի նախկին տեղակալ, այժմ ՀԱԿ իրավական աջակցության կենտրոնը գլխավորող Գագիկ Ջհանգիրյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ իշխանությունները «շարունակում են թաքցնել հանցագործներին»: Հիշեցնելով, որ մարտիմեկյան իրադարձություններին հաջորդող օրերին իշխանությունը հայտարարում էր նաեւ հրազենային ու բեկորային վնասվածքներ ստացած տասնյակ ու հարյուրավոր իրավապահների մասին, Ջհանգիրյանը հարցնում է, թե ո՞ւր են այդ մարդիկ, եւ ո՞ր ցուցարարին է մեղադրանք առաջադրվել նրանց հրազենային, գնդակային կամ բեկորային վնասվածք հասցնելու համար:
«Ըստ էության թաքցվել են մեծ թվով հանցագործություններ: Քարոզչությունն ասում էր՝ «ընդդիմությունը կրակում է», Հայաստանի այն ժամանակվա նախագահն ասում էր, թե՝ «ավտոբուսի հետեւից դուրս են գալիս, կրակում են ոստիկանների վրա, հետո թաքնվում են ավտոբուսի հետեւում, դեպի զինծառայողները նետում են պայթուցիկ սարքեր...»: Բա եթե այդ բոլորն արել են, ո՞ւր են այդ ընդդիմադիրները, ինչո՞ւ նրանց քրեական պատասխանատվության չեն ենթարկում: Դե թող ասեն, ո՞ւր են այդ հարյուրավոր վիրավորները, ո՞ր գործով են տուժող ներգրավվել եւ ո՞ւմ են այդ արարքների համար մեղադրանքներ առաջադրել, հրազենային՝ գնդակային եւ բեկորային վնասվածքներ հասցնելու մասին է խոսքս: Երեք տարի է անցել, որեւէ էդպիսի գործ ավարտված կա՞, կամ որեւէ գործ քննվու՞մ է: Քողարկել են, ծածկել են, թաքցրել են, դա ծանրագույն հանցագործություն է: Որովհետեւ նորից մեղավորը իրենք են, վարչախումբն է», - հայտարարեց Գագիկ Ջհանգիրյանը, համոզմունք հայտնելով, որ եթե «որեւէ ոստիկան կամ զինծառայող մարմնական վնասվածք ստացած լիներ ընդդիմադիրների կողմից, գործը ոչ միայն շատ սեղմ ժամկետներում կհասներ դատարան, այլ նաեւ աղմուկ կբարձրացնեին փիարի, հակաքարոզչության նպատակներով»:
Հատուկ քննչական ծառայությունից «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրին, որ գործը դեռ նախաքննության փուլում է, միջոցներ են ձեռնարկվում մեղավորներին բացահայտելու ուղղությամբ:
Ըստ ընդդիմադիր ՀԱԿ-ից «Ազատություն» ռադիոկայանին տրամադրած տեղեկությունների, 2008-ի մարտի 1-2-ի իրադարձություններում վիրավորված ՀՀ առնվազն հինգ քաղաքացիներ քաղաքացիական ապաստան են խնդրել Եվրամիության երկրներից: