Մատչելիության հղումներ

Իրավապաշտպան կազմակերպությունը քննադատում է մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանում


Հայաստան -- Հելսինկյան ասոցիացիան ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ իր զեկույցը, Երեւան, 28-ը փետրվարի, 2011թ.
Հայաստան -- Հելսինկյան ասոցիացիան ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ իր զեկույցը, Երեւան, 28-ը փետրվարի, 2011թ.
Հայաստանում անցած տարում մարդու իրավունքների իրավիճակի վերլուծությունը Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան կազմակերպությանը հիմք է տալիս պնդելու, որ մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները «կոպտորեն խախտվում են»:

Իրավապաշտպան կազմակերպությունը երկուշաբթի օրը զեկույց է հրապարակել, որում, մասնավորապես, ասված է. - «Հայաստանի իշխանությունները շարունակում են անտեսել ԵԽԽՎ-ի 4 բանաձեւերի պահանջները, 2008 -ի մարտիմեկյան իրադարձությունների կապակցությամբ ձերբակալված անձանցից 9-ը դեռեւս անազատության մեջ են, որոնց Հելսինկյան ասոցիացիան միջազգային չափանիշների համաձայն համարում է քաղբանտարկյալ»:

Ուսումնասիրությունը կատարվել է «Հայաստանում մարդու իրավունքների վիճակի մոնիթորինգի» ծրագրի շրջանակներում, ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ֆինանսավորմամբ:

«2010-ին ոստիկանների կողմից կիրառվել է բռնություն, ապօրինի բերման ենթարկումներ եւ ձերբակալություններ ընդդիմադիր ՀԱԿ-ի կողմից կազմակերպված հանրահավաքների, երթերի, ակցիաների մասնակիցների նկատմամբ: Մեղադրանքներ են առաջադրվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով», - զեկույցում փաստում է Հելսինկյան ասոցիացիան` վկայակոչելով իր արձանագրած դեպքերը:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե 2010-ին բարելավվե՞լ է արդյոք իրավիճակը նախորդ տարվա համեմատ` Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը հայտարարեց. - «Միանշանակ պրոգրես չկա»:

Խոսքի ազատության սահմանափակումներին վերաբերող մասով զեկույցը փաստում է, որ 2010 թվականին գրանցվել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության` 9, ԶԼՄ-ների եւ դրանց աշխատակիցների վրա ճնշումների` 19 դեպք:

«Բռնությունների դեպքերից կարելի է նշել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում 2010-ի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում տեղի ունեցած բռնությունները, ինչպես նաեւ մայիսի 28-ից հունիսի 2-ը «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Անի Գեւորգյանի նկատմամբ կիրառված բռնությունը», - նշեց զեկույցի համահեղինակներից Մարինա Գասպարյանը:

Զեկույցը նաեւ ընդգծում է, որ անցած տարի շարունակվել են խոշտանգումներն ու բռնությունները ոստիկանությունում եւ զինված ուժերում:

«Մնալով փակ համակարգ` զինված ուժերի հրամանատարությունը փորձում է ամեն կերպ կոծկել բանակում խոշտանգումներից ու դաժան վերաբերմունքից մահացած զինվորների թիվը», - արձանագրում է Հելսինկյան ասոցիացիան:

Նշելով, որ հաճախ որպես զինծառայողի մահվան պատճառ ներկայացվում են ինքնասպանությունը, դժբախտ պատահարները կամ հակառակորդի կողմից արձակված կրակոցները, Հելսինկյան ասոցիացիան փաստում է. - «Այս դեպքերում նախաքննության մարմինները կասեցնում են քրեական գործի վարույթը, թեեւ փորձաքննության եզրակացություններով դիակի վրա արձանագրված են լինում բռնության հետքեր»:

Իրավապաշտպան կազմակերպությունը մանրամասնորեն անդրադառնում է նաեւ ոստիկանության Չարենցավանի բաժնում 2010-ի ապրիլին մահացած Վահան Խալաֆյանի գործին` եզրակացնելով. - «Նախաքննության մարմինը քննել է միայն ինքնասպանության վարկածը եւ որեւէ քննություն չի իրականացրել ոստիկանության բաժանմունքում Խալաֆյանի սպանության վարկածը հաստատելու կամ հերքելու ուղղությամբ»:

Միքայել Դանիելյանը տեղեկացրեց, որ զեկույցն ուղարկվել է Հայաստանի նախագահի գրասենյակ, պաշտպանության նախարարություն, գլխավոր դատախազություն, ոստիկանություն եւ արդարադատության նախարարություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG