Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի ԱԳՆ-ն վերապահում ունի Սումգայիթի ջարդերի 23-ամյակի միջոցառման առնչությամբ


Ֆրանսիայի արտգործնախարարության շենքը Փարիզում
Ֆրանսիայի արտգործնախարարության շենքը Փարիզում
Սումգայիթի ջարդերի 23-րդ տարելիցի առթիվ եւ Ղարաբաղի հետ համերաշխության արտահայտման համար Ֆրանսիայի հայ համայնքի ղեկավար մարմինը երկուշաբթի երեկոյան միջոցառում է կազմակերպել Փարիզի 9-րդ թաղամասի քաղաքապետարանի մեծ դահլիճում:

Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF) հրապարակել է հատուկ հաղորդագրություն, որում հիշեցրել է Սումգայիթի եւ Բաքվի ջարդերը, անդրադարձել Ադրբեջանի ներկայիս ռազմատենչ քաղաքականությանը, եւ հայ համայնքին կոչ է արել բազմամարդ ներկայություն ապահովել փետրվարի 28-ի հավաքին:

Մինչդեռ, ըստ Armenews կայքէջում կիրակի օրը տեղ գտած մի տեղեկության, Ֆրանսիայի արտգործնախարարությունը վերապահություն է ցուցաբերել միջոցառման թեմայի վերաբերյալ: Այդ մասին Հայ դատի գրասենյակին տեղեկացրել է 9-րդ թաղամասի քաղաքապետարանը` բացատրելով, թե արտգործնախարարության առարկությունը կարող է գալ Լեռնային Ղարաբաղի` ճանաչված պետություն չլինելու հանգամանքից:

Այդուհանդերձ, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը ընդգծել է, որ խոսք չի կարող լինել միջոցառման թեման փոփոխության ենթարկելու մասին:

«Մենք նեցուկ ենք Լեռնային Ղարաբաղի անկախությանը, եւ մեր այդ դիրքորոշումը է'լ ավելի կընդգծվի գալիք շաբաթների ընթացքում», - հայտարարել է Փափազյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG