Մատչելիության հղումներ

Ղարաբաղցի քաղաքագետը կարծում է, որ «Մի-35Մ» ուղղաթիռների վաճառքը ուղերձ չէ Հայաստանին


Հայաստանի պաշտպանության նախարարությունը առայժմ ձեռնպահ է մնում ռուսական «Ռոսվերտոլ» ընկերության կողմից Ադրբեջանին «Մի-35Մ» մակնիշի մարտական 24 ուղղաթիռների վաճառելու մասին տեղեկությունը մեկնաբանելուց:

Իսկ Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակ, քաղաքագետ Դավիթ Բաբայանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ չի կարծում, թե սա յուրահատուկ ուղերձ է Հայաստանին եւ պարզապես զուգադիպություն է, որ գործարքի վերաբերյալ տեղեկատվությունը հայտնվում է Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպման նախօրեին: Դավիթ Բաբայանի խոսքով, այս դեպքում տնտեսական գործոնն է գերակա գտնվել, տնտեսական դաշտում ձեռնարկը եղել է փոխշահավետ երկու պետությունների համար: Նա կարծում է, որ այս զինամթերքը վաճառելուց հետո գործարքը չի ավարտվում. գոյություն ունի ուղղաթիռների պահպանման, տեխնիկական սպասարկման խնդիրը: Սրանով Ադրբեջանը ավելի է սերտացնում համագործակցությունը Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրի հետ, ինչը նաեւ Ռուսաստանին ձեռնտու է այդ պետությունում իր դիրքերը ամրապնդելու տեսանկյունից: Ուստի, Բաբայաին խոսքով, գործարքը պետք է դիտարկել ոչ թե Հայաստան-Ադրբեջան փոխհարաբերությունների, այլ Ադրբեջան-Ռուսաստան, Ռուսաստան-տարածաշրջան ընդհանուր քաղաքականության ներքո:

«Կարծում եմ, որ Ռուսաստանը, լինելով Մինսկի խմբի համանախագահող երկիր, հաշվի է առնում բոլոր նրբությունները, որ նման գործարքը կարող է Ադրբեջանի կողմից հետագայում օգտագործվել, ասենք, ապակայունացման համար: Հետեւաբար, իմ կարծիքով, նաեւ այս գործարքից հետո կամ նույնիսկ առաջ նախանշվել են մի շարք պայմաններ, որ Ադրբեջանը պետք է անպայման հաշվի առնի», - ասաց Բաբայանը:

Ռուսաստանը, Դավիթ Բաբայանի կարծիքով, նաեւ պայման է դրել Ադրբեջանի առջեւ` չօգտագործել մարտական ուղղաթիռները Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի դեմ:

«Որովհետեւ եթե նա այդ ուղղաթիռները օգտագործի Արցախի դեմ, կնշանակի` նաեւ Հայաստանի դեմ, եւ Ռուսաստանը, ունենալով դաշնակցային պայմանագրեր Հայաստանի հետ եւ պարտավորություն ունենալով Հայաստանի նկատմամբ ագրեսիայի դեպքում միջամտելու, ապա ստացվում է մի տարօրինակ իրավիճակ, երբ Ռուսաստանը կարող է վաճառել զենք, եւ այդ զենքը օգտագործի իր դեմ», - ասաց Բաբայանը:

Ռազմական փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով, ուղղաթիռների գնման գործարքը եւս մեկ վկայությունն է այն փաստի, որ Հայաստանը ամենեւին էլ Ռուսաստանի ռազմավարական գործընկերը չէ:

«Ռուսաստանի դաշնակիցներն են միայն իր բանակը եւ նավատորմը, ինչպես Ալեքսանդր 3-րդի ժամանակ, ուղղակի 21-րդ դարում նաեւ սեփական գրպանը», - կարծիք հայտնեց Մեհրաբյանը:

Ռուբեն Մեհրաբյանի գնահատմամբ, ուղղաթիռների շուրջ գործարքի մասին հայտարարություն հրապարակելը Սանկտ-Պետերբուրգում Մեդվեդեւ-Սարգսյան հանդիպումից եւ մարտի 5-ին կայանալիք եռակողմ հանդիպումից առաջ Ռուսաստանի մեսիջն է, թե տարածաշրջանի երկրներին, թե միջազգային հանրությանը` ցույց տալու համար, թե ով է այս տարածաշրջանում իրավիճակի տերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG