Մատչելիության հղումներ

Տիգրան Փոստանջյանը ձերբակալվել է


Տիգրան Փոստանջյանի պաշտպան Հայկ Ալումյան
Տիգրան Փոստանջյանի պաշտպան Հայկ Ալումյան
Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) չորեքշաբթի օրը ձերբակալել է Տիգրան Փոստանջյանին, ով ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբայրն է:

Այսօր առավոտյան Տիգրան Փոստանջյանը հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն հարցաքննության: Քննչական մարմինը, 3 ժամ Փոստանջյանին ԱԱԾ-ում պահելուց հետո, նրան ձերբակալելու որոշում է կայացրել:

Փոստանջյանը կասկածվում է 100 հազար դրամ ապօրինի վարձատրություն ստանալու մեջ:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց Տիգրան Փոստանջյանի պաշտպան Հայկ Ալումյանը, նախաքննություն իրականացնող մարմինը իր պաշտպանյալին ձերբակալելու որոշում է կայացրել` համարելով, որ Տիգրան Փոստանջյանը ազատության մեջ մնալու դեպքում կարող է թաքնվել քննությունից կամ անօրինական ազդեցություն գործադրել ենթադրյալ տուժողների նկատմամբ:

«Դեռ ուրբաթ օրվանից իմ պաշտպանյալը գիտեր, որ իր նկատմամբ հարուցված է քրեական գործ, եւ ինչպես տեսնում եք, ոչ միայն փորձ չի արել թաքնվելու, այլ բարեխղճորեն երեկ եւ այսօր ներկայացել է քննությանը: Այսինքն նման մտավախությունները բացարձակ անհիմն են», - նշեց փաստաբանը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչո՞ւ է հենց ԱԱԾ-ն քննում այս գործը, փաստաբանը արձանագրեց` անբացատրելի է մնում, թե ինչու:

«Պարզվեց, որ Գլխավոր դատախազը անձամբ ցուցում է տվել, որպեսզի գործը քննվի ԱԱԾ-ի կողմից», - նշեց Ալումյանը:

Ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները պնդում են, որ այս պատմությունը քաղաքական ենթատեքստ ունի:

«Սա ուղղված է ե՛ւ իմ դեմ, ե՛ւ «Ժառանգության» դեմ, ե՛ւ ամբողջ ըմբոստ հասարակության դեմ», - հայտարարել է Զարուհի Փոստանջյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG