Մատչելիության հղումներ

Գրահրատարակչության ոլորտի խնդիրները շարունակում են չլուծված մնալ


Հայ գրահրատարակիչները 2012 թվականին ընդառաջ, երբ ՅՈւՆԵՍԿՕ-ի որոշմամբ Երեւանը կդառնա գրքի միջազգային մայրաքաղաք, բարձրաձայնում են գրահրատարակչության ոլորտի խնդիրների մասին:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «Սարգիս Խաչենց» հրատարակչության տնօրեն Սարգիս Խաչիկօղլյանը ոլորտի խնդիրներից առաջինը առանձնացրեց այն, որ Երեւանում սակավաթիվ գրախանութներ են գործում:

Հաջորդ տարի, երբ Երեւանը դառնալու է գրքի միջազգային մայրաքաղաք, զուգահեռ կնշվի նաեւ հայկական գրատպության 500-ամյակը: Խաչիկօղլյանը հույս է հայտնում, որ գուցե այդ կապակցությամբ մի քանի գրախանութ եւս կբացվի Երեւանում:

«Եթե կառավարությունը եկող տարվա առիթով, գոնե միայն միջոցառումը ապահովելու համար գրախանութներ բացի, թերեւս մի դրական բան կլիներ, որովհետեւ այդ միջոցառումն էլ ինչ-որ կեղծ, սուտ, մեռելածին միջոցառման տպավորություն է թողնում: Մենք այնքան չլուծված խնդիրներ ունենք, որ թերեւս այդ հարցում ենք չեմպիոն եւ առաջինը մոլորակի երեսին, եւ ոչ թե իբրեւ գրքի մայրաքաղաք: Չգիտեմ` ինչպես են կարողացել հաջողացնել դա, տարօրինակ է, մեղմ ասած», - ասած Խաչիկօղլյանը:

Այս ոլորտում լուծված չեն նաեւ օրենսդրական խնդիրները. մի քանի տարի շարունակ չի ընդունվում «Գրահրատարակչության մասին» օրենքը, որը, գրահրատարակիչների համոզմամբ, կարող էր կարգավորել այս ոլորտը` մասնավորապես, հանելով ավելացված արժեքի հարկը` գոնե տպագրվող գեղարվեստական գրականությունից: Խաչիկօղլյանը նշում է, որ Ռուսաստանում առնվազն 10 տարի հրատարակիչներին հնարավորություն տվեցին աշխատել առանց ավելացված արժեքի հարկի, եւ գրահրատարակչությունը աննախադեպ զարգացում ապրեց: Նույնը կատարվեց նաեւ Վրաստանում:

Ըստ Խաչիկօղլյանի` օրենսդրական բացթողումների պատճառով Կառավարությունը «խափանում է գրքի, գրի, մշակույթի զարգացումը Հայաստանում»:

«Գրախանութ չկա, որովհետեւ գրախանութ պահելը այս երկրում դժվար է, որովհետեւ եղած օրենքներով դա անշահութաբեր գործ է, եւ մարդը չի կարող հավերժ պահել, նա ուզի թե չուզի պետք է մի օր փակվի, որովհետեւ կսնանկանա, այս սակավությունը, որ մենք արձանագրում ենք Հայաստանում, դա վնասակար եւ վնասարար քաղաքականության հետեւանք է եւ ոչ թե հայ ժողովրդի բնական անընթերցասիրության», - ասում է Խաչիկօղլյանը:

Չնայած դրան, հայ գրահրատարակիչներից շատերը հավաստիացնում են, որ Հայաստանում տարեցտարի բարելավվում է գրահրատարակչության ոլորտը` մեծ թվով բարձրորակ գրքեր են լույս տեսնում: Այս մասին են վկայում նաեւ օրերս Խնկո-Ապոր գրադարանում բացված գրքի ցուցահանդես-տոնավաճառում ներկայացված գրքերը:


please wait

No media source currently available

0:00 0:04:25 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG