Մատչելիության հղումներ

Հայաստանում պարենային ապրանքների գները բարձր են եվրոպական մայրաքաղաքների գներից


Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյան
Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյան
Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը ուրբաթ օրը լրագրողների հետ կայացած հանդիպմանը իր մտահոգությունը հայտնեց Հայաստանում պարենային ապրանքների գների աճի վերաբերյալ, որը, նրա դիտարկումներով, միջինը 1.5 անգամ գերազանցում է եվրոպական մայրաքաղաքների գներին:

«Բանջարեղենը Հայաստանում ավելի թանկ է, իսկ միրգ հոդվածով խփում ենք բոլոր ռեկորդները», - ասաց Բագրատ Ասատրյանը:

Վերջերս Եվրոպայից վերադարձած տնտեսագետը նշում է, որ, օրինակ, գերմանական սուպերմարքեթներում կարտոֆիլը, սոխը կամ այլ բանջարեղենները շատ ավելի էժան են, քան Երեւանում: Նույնը վերաբերում է մսին: Ասատրյանի խոսքով` զարմանալին այստեղ այն է, որ հայաստանցիները ոչ թե բարձր գին են վճարում ներմուծվող մրգի ու բանջարեղենի, այլ հենց տեղական խնձորի ու կարտոֆիլի համար:

«Տեղական խնձորը 1.5 անգամ ավելի թանկ է, քան որակով ավելի բարձ, գոնե տեսքով ավելի որակյալ արտասահմանյան խնձորը: Երբ հարցնում ես` ինչո՞ւ, ասում են` սա տեղական է: Մեկը կարո՞ղ է օրինակ բերել մի գյուղացիական տնտեսության կամ մի ընտանիքի, որը, ասենք, աշխարհի ամենաթանկ կարտոֆիլը արտադրելով, քիչ թե շատ լավ է ապրում: Չկա այդպիսի օրինակ: Սա հայկական պարադոքսն է», - ասաց Ասատրյանը:

Նրա խոսքով` Գերմանիայում տարեկան գնաճը 1.5 տոկոս է, իսկ դրա ազդեցությունը սոցիալական իրավիճակի վրա` գրեթե աննշան: Մինչդեռ Հայաստանում հունվարի դրությամբ 12-ամսյա գնաճը շուրջ 10.5 տոկոս է եղել, իսկ պարենային ապրանքների գնաճը` ավելի քան 17 տոկոս:

Բագրատ Ասատրյանի կանխատեսումներով` այս տարվա գնաճը կկազմի մոտ 8-9 տոկոս: Նրա համոզմամբ` Հայաստանում առ այսօր չեն ձեռնարկում պարենի գները իջեցնելու քայլեր, փոխարենը Կառավարությունը եւ Կենտրոնական բանկը միայն ուշացած քայլեր են ձեռնարկում, որոնք միայն նպաստում են սոցիալական բեւեռացման խորացմանը:

«Անցած տարի եւս մեր պահուստներից մոտավորապես 150 միլիոն դոլար շուկա է լցվել, վերջնական նպատակը, իհարկե գնաճի զսպումն էր: Սա անելու բան չէր, սա իրավապահ մարմինների զբաղվելու ոլորտի առարկա պետք է հանդիսանա», - կարծում է տնտեսագետը:

Ըստ նրա` Հայաստանի համակարգն է մեղավոր, որ այսօր ականատեսն ենք մի կողմից ծայրաստիճան բեւեռացվածությանը, մյուս կողմից` ամեն քայլափոխի հանդիպող ոստիկանների եւ թանկարժեք մեքենաների:

«Մտեք Երեւան քաղաքի կենտրոնը, վխտում են գային, կարմիր, կապույտ, այլ տիպի բերետավորները: Ոստիկանների առատություն, թանկարժեք մեքենաների առատություն` սա ուղղակի հետեւանքն է այն քաղաքականության, որը իրականացվում է», -ասաց Ասատրյանը` այդ քաղաքականությունը որակելով որպես «անարդյունավետ միջնադար»:

Անդրադառնալով գազի գնի շուրջ ընթացող բանակցությունների ձգձգմանը` նա համոզմունք հայտնեց, որ իշխանությունները վաղուց արդեն որդեգրել են իրական երեւույթները «սենյակային ռազբիրատներով» փոխարինելու քաղաքականությունը:

«Ակնհայտ է, որ գները բարձրանալու են, Հայաստանի համար գազի գին հասկացողությունը անհեթեթություն է, հրաժարվե'ք այդ կատեգորիայից, որովհետեւ Հայաստանում ստացողը ռուսական ընկերությունն է: Մեզ պետք է հետաքրքրի, թե մենք` քաղաքացիներս եւ մեր ձեռնարկությունները ինչ գնով ենք ձեռք բերում գազը», - ասաց Ասատրյանը:


please wait

No media source currently available

0:00 0:04:17 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG