Մատչելիության հղումներ

Հայ ազգային կոնգրեսը հաղորդում է ուղարկել դատախազություն


Հայ ազգային կոնգրեսի լոգոն
Հայ ազգային կոնգրեսի լոգոն
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը հաղորդում է ուղարկել գլխավոր դատախազություն` պնդելով, որ հինգշաբթի օրը Երեւանի Էրեբունի համայնքում խոչընդոտվել է փետրվարի 18-ի հանրահավաքի մասին քաղաքացիներին իրազեկելու գործընթացը:

Քանի որ հանրահավաքը ի գիտություն է ընդունված քաղաքապետարանի կողմից, ընդդիմությունը համոզված է, որ արտոնված հանրահավաքի խոչընդոտումը համապատասխանում է Քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի հատկանիշներին` «ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելուն կամ դրանց մասնակցելուն խոչընդոտելը»:

Հայ ազգային կոնգրեսի իրավական աջակցության կենտրոնի պատասխանատու Արմեն Խաչատրյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ տասնյակ անհայտ անձինք Էրեբունի համայնքում ընդդիմության երիտասարդ ակտիվիստներին քաշքշել են թռուցիկներ բաժանելու պահին:

«Երկու տարբեր խմբերի վրա հարձակում է կատարվել ինչ-որ անձանց կողմից, թռուցիկները, ինչպես նաեւ Հայ ազգային կոնգրեսի թերթոնները խլել են տղաների ձեռքից, տառացիորեն ասել են, որ այդ տարածքներում թռուցիկ չբաժանեն», - ասաց Խաչատրյանը:

Ընդդիմությունը պահանջում է հայտնաբերել եւ պատասխանատվության ենթարկել այդ անձանց:

«Դա այն կրիմինալն է, թաղային կրիմինալն է, որի ղեկավարը կարող է տարբեր դեպքերում տարբեր մարդիկ լինեն, բայց բովանդակությունը չի փոխվում», - նշեց Հայ ազգային կոնգրեսի իրավական աջակցության կենտրոնի պատասխանատուն:

Կոնգրեսի ներկայացուցիչների պնդմամբ, մեկ այլ միջադեպ էլ տեղի է ունեցել նույն օրը ավելի ուշ` Մաշտոցի պողոտայի շրջակայքում, որտեղ քաղաքացիական հագուստով անձինք մի քանի մեքենաներով շրջապատել են թռուցիկներ բաժանողներին:

«Այսպիսի արտահայտություն թույլ տվեցին` «խի՞ եք ղժղժում քաղաքի կենտրոնում», մի խոսքով` շատ ագրեսիվ տրամադրված», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին ընդդիմադիր երիտասարդները:

Այնուհետեւ թռուցիկներ բաժանողներից երկուսը անհետացել են: Հետո պարզվեց, որ նրանց տարել են ոստիկանության Կենտրոնի բաժին, շուրջ մեկ ժամ անց բաց թողել:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից հաստատեցին, որ այդ երիտասարդներին մոտեցողները ոստիկաններ են եղել: Ըստ ոստիկանության պաշտոնական տեղեկատվության` երիտասարդներին հրավիրել են ոստիկանություն ինչ-որ հարցեր պարզաբանելու նպատակով:

Ինչ վերաբերում է Էրեբունի համայնքի տարածքում կատարվածի մասին ահազանգին` Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, թե իրենց նման միջադեպ հայտնի չէ, իրենց ոչ ոք նման հարցով չի դիմել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG