Մատչելիության հղումներ

Մետրոյի ուղեվարձը կթանկանա


Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի ուղեվարձի թանկացումը հնարավոր է համարում:

«Այո, հնարավոր է, որովհետեւ այդպիսի պարտավորություն է ստորագրավել», - ասաց քաղաքապետը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հինգշաբթի օրը Կառավարության նիստից հետո:

Կարեն Կարապետյանն ասաց, թե չգիտի` ինչքան կբարձրանա մետրոյի ուղեվարձը, սակայն, նաեւ հավելեց, որ թանկացումը հավանաբար մինչեւ տարեվերջ տեղի կունենա:

Տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանն էլ ասաց, թե տեղյակ չէ մետրոյի ուղեվարձի թանկացման մանրամասներից:

Երեկ` փետրվարի 9-ին Ազգային ժողովում Հայաստանի եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ անցյալ տարի ստորագրված «Երեւանի մետրոպոլիտենի վերակառուցմում» ծրագրի վարկային համաձայնագրի մասին զեկույցից հետո Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը հայտարարել էր, թե «Երեւանի մետրոյի սակագինը այլ պետությունների մետրոների հետ համեմատած էապես ցածր է»:

«Մետրոյի սակագինը 2003 թվականից չի փոխվել: Եթե հաշվի առնենք առաջարկի եւ պահանջարկի մեթոդը եւ հաշվարկենք գնաճը, կտեսնենք, թե այդ 50 դրամը գնալով որքան փոքր գումար է դառնում, հետեւաբար կա այդ սակագինը բարձրացնելու անհրաժեշտություն», - ասել էր Արամյանը:

Ըստ նրա` Հայաստանում այդ սակագները շատ դանդաղ են բարձրացել:

«Ենթադրվում է, որ այս ծրագրի ներքո, երբ ծառայությունների որակը որոշակիորեն կբարձրանա, նաեւ սակագներին անդրադարձ կլինի: Բայց մենք մի բան պետք է հաշվի առնենք, որ սա սոցիալական ուղղվածություն ունի, եւ սակագներն այնքան չեն բարձրանալու, որ պրոբլեմներ առաջացնեն», - պարզաբանել էր Ֆինանսների փոխնախարարը:

Արամյանը չէր բացառել, որ մետրոյի սակագինը առաջիկա 2-3 տարիներին դառնա 100 դրամ` ներկայիս 50-ի փոխարեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG