Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյանը հաստատեց զինծառայողի` դաժան ծեծի արդյունքում սպանվելու փաստը


Չորեքշաբթի օրը Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հաստատեց, որ Լեռնային Ղարաբաղի Հադրութի զորամասերից մեկում փետրվարի 6-ին մահացած 19-ամյա Գեւորգ Կոծինյանը սպանվել է դաժան ծեծի արդյունքում: Նույնը պնդում են նաեւ Կոծինյանի հարազատները:

Պատասխանելով Վանաձորից ընտրված պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի հարցին` նախարարը ասաց, որ այդ հանցագործությունը կատարել են երեք անձինք:

«Միջանձնային հարաբերությունների խախտման, վիճաբանության, այնուհետեւ ծեծկռտուքի արդյունքում է տեղի ունեցել այդ մահը, որը նաեւ դիահերձման արդյունքում է ապացուցվել: Հարուցված է քրեական գործը եւ միանգամից բացահայտվել են այն երեք անձինք, որոնք կատարել են դա եւ քրեական ողջ գործընթացը արդեն կտա իր վերջնական արդյունքը եւ մարդիկ կպատժվեն», - ասաց Սեյրան Օհանյանը:

Կոծինյանի հարազատները պնդում են, որ զինծառայողին ծեծի են ենթարկել չորս անձինք:

Նախարարը չանդրադարձավ այն հարցին, թե արդյո՞ք Գեւորգ Կոծինյանի սպանության մեջ մեղադրվող անձինք ձերբակալվել են, թե` ոչ:

Պաշտպանության նախարարության քննչական ծառայության փոխանցմամբ եւս` արդեն իսկ պարզվել է հանցանքը կատարողների շրջանակը, սակայն ուշագրավ է, որ մինչեւ այս պահը ձերբակալված կամ կալանավորված անձինք չկան:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրին Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական ծառայությունից, փետրվարի 6-ին Գեւորգ Կոծինյանի սպանության փաստի առթիվ 2-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի 359 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, ինչպես նաեւ Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ եւ 14-րդ կետերով` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից եւ անզգուշությամբ առաջացրել տուժողի մահը:

19-ամյա Գեւորգ Կոծինյանը բանակ էր զորակոչվել Վանաձոր քաղաքից: Նա Լեռնային Ղարաբաղում ծառայել էր ընդամենը 9 ամիս:

Սպանված զինծառայողի դին երեկ արդեն տեղափոխվել է Վանաձոր: Զինծառայողի մահվան վկայականից, որը տրվել է նրա ծնողներին փետրվարի 8-ին, պարզ է դառնում, որ Կոծինյանին դաժանաբար ծեծի են ենթարկել: Մասնավորապես մահվան վկայականում նշված է` սրտի ռեֆլեկտոր կանգ, կրծքավանդակի փակ, բութ վնասվածք, կրծքավանդակի փափուկ հյուսվածքների, ձախ թոքի, սրտի արյունազեղումներ, աջ անրակի հոդախախտ, աջից գոտկային շրջանի փափուկ հյուսվածքների, աջ երիկամի եւ մակերիկամի արյունազեղումներ:

Կոծինյանի մորեղբայրը` Բորիս Ադամյանը, ով ներկա է եղել դիահերձմանը, «Ազատություն» ռադիոկայանի Վանաձորի թղթակցի հետ զրույցում պատմեց, թե սկզբում իրենց ասել են, թե երիտասարդը ինֆարկտից է մահացել, բայց հետո արդեն դիահերձումը ցույց է տվել բազմաթիվ վնասվածքներ:

«Կարելի է ասել խմբակային, գազանաբար ծեծի են ենթարկել զինվորին, եւ նրա օրգանիզմը չի դիմացել: Կրծքավանդակի ուժեղ հարվածից առաջացել է արյան զեղում եւ սրտի կանգ, սրտի ներսի սալջարդը, ինչը նշվում է նաեւ մահվան վկայականում», - ասաց Ադամյանը:

Կոծինյանի մորեղբայրների պնդմամբ` Գեւորգին ծեծելով սպանել են նրա հետ ծառայող զինվորները:

«Իրա պրիզիվի զինակից ընկերներն են` Արտաշատից, Ջաջուռից, Երեւանից եւ մեկն էլ` Ստեփանակերտից», - ասաց նրանցից մեկը:

19-ամյա Գեւորգ Կոծինյանի պապը արտասվում էր ու հարցնում, թե ինչո՞ւ պետք է երեխային բանակ ուղարկեն եւ 9 ամիս անց այնտեղից նրա դին բերեն:

«Անտեր երկիր է, բա մարդը 18 տարի երեխուն պահի, ուղարկի բանակ, բանակից երեխու դիակը բերե՞ն», - հարցնում է պապը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG