Մատչելիության հղումներ

Դատարանը քննում է Ասանժի էքստրադիցիայի հարցը


Ջուլիան Ասանժը (կենտրոնում) իր փաստաբանների հետ, Լոնդոն, 7-ը փետրվարի, 2011թ.
Ջուլիան Ասանժը (կենտրոնում) իր փաստաբանների հետ, Լոնդոն, 7-ը փետրվարի, 2011թ.
WikiLeaks կայքէջի հիմնադիր Ջուլիան Ասանժը ժամանել է Լոնդոնի դատարան, որը երկուշաբթի օրվանից քննում է նրան Շվեդիա էքստրադիցիայի ենթարկելու հարցը։

Շվեդիայում նրան մեղադրում են սեռական բնույթի օրինազանցության մեջ։ 39-ամյա Ասանժը կտրականապես հերքում է մեղադրանքը եւ պնդույմ, որ այս ամբողջ ընթացքի նպատակը WikiLeaks-ի առաքելությությունը վարկաբեկելն է։

Դիմելով դատարանի շենքի մոտ հավաքված մարդկանց` Ասանժը շնորհակալություն է հայտնել իր աջակիցներին եւ փաստաբաններին։

«Հիրավի, միայն այս կարգի դատական գործընթացներում ես հասկանում, թե ովքեր են իրական բարեկամներդ», - ասել է Ասանժը։

Շվեդ իրավաբան Սվեն Էրիկ-Ալհեմը Լոնդոնում հայտարարել է, թե WikiLeaks-ի հիմնադրի էքստրադիցիան պահանջող շվեդ դատախազ Մարիանե Նայը կարող էր առանց որեւէ դժվարության կասկածյալին հարցաքննել հեռուստակապի միջոցով։

Ալհեմը նախկին դատախազ է, ներկայումս նա իրավական հարցերով մեկնաբան է եւ այս դատական գործընթացում հանդես է գալիս իբրեւ վկա։

«Ես իսկապես չեմ հասկանում, թե ինչո՞ւ հնարավոր չէ Ասանժին հարցաքննել այս երկրում, քանի որ բրիտանական իշխանությունները ընդունում են նման գործելաոճը (տեսակապի միջոցով հարցաքննելը), եւ չպնդել նրա էքստրադիցիան», - ասել է Ալհեմը։

Նա նաեւ որպես զարմանալի եւ կասկած հարուցող հանգամանք է նշել այն, որ նախ Ասանժից պարզաբանում ստանալու, նրա տեսակետին ծանոթանալու փոխարեն, Շվեդիայի իրավապահները անմիջապես էքստրադիցիայի հայտ են ներկայացրել։

Այնուամենայնիվ, պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ ինքը կաներ, եթե լիներ Ասանժի տեղը, նախկին դատախազ Սվեն Էրիկ Ահելմն ասել է. - «Ես կմեկնեի Շվեդիա եւ կներկայացնեի իմ վարկածը, ես անպայման կպայքարեի անունս մաքրելու, անմեղությունս ապացուցելու համար»։

«Ֆրանսպրես» լրատվական գործակալության փոխանցմամբ` Շվեդիայի դատախազի ներկայացուցիչը պնդել է, թե շվեդական կողմը փորձել է կապ հաստատել Ասանժի հետ, սակայն դա չի հաջողվել։

Ասանժի փաստաբան Ջեֆրի Ռոբերթսոնն ասել է, թե իր պաշտպանյալի կյանքին վտանգ է սպառնում, քանի որ Շվեդիա էքստրադիցիայի ենթարկվելուց հետո նրա էքստրադիցիան կարող է պահանջել նաեւ Միացյալ Նահանգները, որտեղ լրտեսության կամ պետական գաղտնիքների յուրացման հոդվածները նաեւ մահապատիժ են նախատեսում։

Ասանժի օգտին ցուցմունք տվող վկաներից Գորան Ռուգլինգը դատարանին հորդորել է ուշադրություն դարձնել կասկածելի այն հանգամանքի վրա, որ Ասանժին մեղադրող կանանցից մեկը ենթադրյալ հանցագործությունից 20 ժամ անց ինտերնետային զրույցներից եւ Twitter-ից հեռացրել է գրառումները, որոնք վկայում են, որ նա ընկերական հարաբերություններ է ունեցել Ասանժի հետ։

«Ավելին, ենթադրյալ հանցագործությունից 48 ժամ անց նա կամավոր դարձել է Ջուլիան Ասանժի անձնական քարտուղարը», - դատարանում ասել է Ռուգլինգը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG