Մատչելիության հղումներ

«Հայկական ժամանակ»-ը թերթի դեմ դատական հայցերում «ճնշման» միտում է տեսնում


Երկուշաբթի օրը հրապարակվելու է Ազգային ժողովի պատգամավորներ Սամվել Ալեքսանյանի, Լեւոն Սարգսյանի եւ Ռուբեն Հայրապետյանի կողմից բարոյական վնասի հատուցման պահանջով «Հայկական ժամանակ» օրաթերթի դեմ հարուցված հայցի կապակցությամբ դատավճիռը:

Հայցադիմումի պատճառը 2010-ի հոկտեմբերի 14-ի «Ութից յոթը ցուցակում են» վերնագրով հրապարակում, որտեղ ասվել է, թե Ռուսաստանի իրավապահները կազմել եւ Մոսկվայում գործող «Միաբանություն» ակումբի նախագահ Սմբատ Կարախանյանի հետ քննարկել են իրենց քննած քրեական գործերում շրջանառվող հայաստանյան պաշտոնյաների ու պատգամավորների մի ցուցակը: Թերթի հրապարակման մեջ նշված են եղել նաեւ վերոհիշյալ երեք պատգամավորների անունները: Վերջիններս պահանջում են հերքել հրապարակումը:

Որպես իրենց պատվին ու արժանապատվությանը հասցված վնասի փոխհատուցում` Սամվել Ալեքսանյանը, Լեւոն Սարգսյանը եւ Ռուբեն Հայրապետյանը, ովքեր նաեւ հայտնի գործարարներ են, թերթից պահանջում են յուրաքանչյուրին վճարել 2-ական միլիոն դրամ: Նրանք նաեւ 500-հազարական դրամ են պահանջում դատական ծախսերի փոխհատուցման համար: Այսինքն 3 պատգամավորները ընդհանուր առմամբ «Հայկական ժամանակ»-ից 7.5 միլիոն դրամ են պահանջում:

«Չեմ ուզում կանխատեսումներ անել: Կարող եմ ասել, որ մենք պատրաստ ենք ցանկացած զարգացման», - երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց թերթի հրատարակիչ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի տնօրեն Աննա Հակոբյանը:

«Դա ակնհայտ ապատեղեկատվություն է եւ ԶԼՄ-ի կողմից իր իրավունքների սահմանազանցում: Այս տեղեկությամբ պատգամավորների պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավն է արատավորվել», - ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այս առիթով ասել է հայցվոր կողմի՝ Ալեքսանյանի, Սարգսյանի ու Հայրապետյանի փաստաբան Անահիտ Սարդարյանը:

Սա վերջին մեկ տարվա ընթացքում «Հայկական Ժամանակ»-ի դեմ երկրորդ դատական հայցն է: Անցած տարի «պատիվը եւ արժանապատվությունը արատավորող տեղեկությունների հերքման եւ վնասի հատուցման» պահանջով դատարան էր դիմել Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` իրեն հասցված վնասը գնահատելով 16 միլիոն դրամից ավելի: Դատարանը հայցադիմումը բավարարել էր մասամբ, եւ «Հայկական ժամանակ»-ը ստիպված եղավ վճարել մոտ 3.5 միլիոն դրամ:

«Ինչպես նախկին բոլոր դատական գործերը մեր թերթի դեմ, ինչպես մյուս բոլոր խոչընդոտները մեր աշխատանքներին, ես համարում եմ մեկ կենտրոնից ղեկավարվող գործողությունների շղթայի մի մասը, որոնք միտված են ճնշել «Հայկական ժամանակ»-ը եւ վնասել թերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ, «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում ներկայումս մենախցում պահվող Նիկոլ Փաշինյանին», - հայտարարեց Աննա Հակոբյանը` մասնավորեցնելով, որ «մեկ կենտրոն» ասելով նկատի ուներ «Հայաստանի բարձրագույն ղեկավարությանը»:

Վերջին շրջանում հաճախակի են դարձել լրատվամիջոցների դեմ դատական հայցերը: Հայցվորները ներկա ու նախկին պաշտոնյաներ են: Մի քանի լրատվամիջոցների ղեկավարներ հայտարարել են, որ նման հայցերը լրագրողներին լռեցնելու նոր մեթոդ են:
XS
SM
MD
LG