Մատչելիության հղումներ

Եգիպտոսում գտնվող հայերի վիճակը նորմալ է


Եգիպտոս - Կահիրեի Թահրիր հրապարակը փետրվարի 1-ին
Եգիպտոս - Կահիրեի Թահրիր հրապարակը փետրվարի 1-ին
Հայաստանի արտգործնախարարության վերջին տվյալների համաձայն` Եգիպտոսում գտնվող հայերի վիճակը նորմալ է: Եգիպտոսում Հայաստանի դեսպանությունը մշտապես կապի մեջ է նրանց հետ եւ տեղեկությունները օպերատիվ կարգով փոխանցում է Երեւան:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, դեսպանությունում օրեր առաջ բացված «թեժ գծով» արդեն հարյուրավոր զանգեր են ստացվել Եգիպտոսում բնակվող հայերից, նրանց Հայաստանում գտնվող հարազատներն էլ արտգործնախարարություն են զանգահարում:

«Այն մարդկանց, որոնք զանգահարում են արտգործնախարարություն, հիմնականում մտահոգում են իրենց հարազատների անվտանգության խնդիրները», - ասաց Տիգրան Բալայանը:

Նրա փոխանցմամբ` զանգահարողները հետաքրքրված են նաեւ Եգիպտոսից հայերի տարհանման հարցով:

Արտգործնախարարության տվյալներով` այս պահի դրությամբ Կահիրեում Հայաստանի 60 քաղաքացի կա: Ընդհանուր առմամբ, Եգիպտոսում շուրջ 8 հազար հայ է ապրում: Սակայն արտգործնախարարությունը դեռեւս նրանց Հայաստան տարհանելու անհրաժեշտություն չի զգում:

Տիգրան Բալայանը նշեց, որ առայժմ եվրոպական ընդամենը երկու երկրներ են իրենց քաղաքացիներին տարհանելու որոշումներ կայացրել` Մեծ Բրիտանիան եւ Շվեյցարիան:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը վերահաստատեց, որ Եգիպտոսի Շարմ Էլ-Շեյխ հանգստավայր հունվարի 25-ին մեկնած 164 հայ զբոսաշրջիկները փետրվարի 5-ին չարթերային թռիչքով կվերադառնան Երեւան:

Ինչ վերաբերում է այնտեղ գտնվող հայերին` Հայաստանի արտգործնախարարությունը նրանց խորհուրդ է տալիս բնակավայրերից դուրս չգալ:

«Մենք խորհուրդ ենք տալիս, որ հնարավորության դեպքում բնակավայրերից դուրս չգան, եթե ինչ-որ բանի կարիք կա` կապվեն դեսպանությանը, փորձեն դեսպանության միջոցով այդ հարցերը լուծել», - ասաց Տիգրան Բալայանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG