Մատչելիության հղումներ

Առեւտրականները պահանջում են իջեցնել Թուրքիայից ներմուծվող ապրանքների համար գանձվող վճարները


«Մալաթիա» եւ «Հրազդան» տոնավաճառների առեւտրականները բողոքում են Կառավարության շենքի դիմաց
«Մալաթիա» եւ «Հրազդան» տոնավաճառների առեւտրականները բողոքում են Կառավարության շենքի դիմաց
Թուրքիայից Հայաստան ապրանք ներմուծող առեւտրականները երեքշաբթի օրը Կառավարությունից պահանջում էին իջեցնել բեռնափոխադրող ընկերությունների կողմից ապրանքի ներմուծման համար գանձվող փոխադրման եւ այլ վճարները, որոնք անցյալ շաբաթ կրկնապատկվել են:

«Հրազդան» եւ «Մալաթիա» տոնավաճառների առեւտրականները երեքշաբթի վաղ առավոտից հավաքվել էին Կառավարության շենքի մոտ եւ հանդիպում էին խնդրում վարչապետի հետ:

Նրանք պահանջում են իջեցնել փոխադրման եւ այլ վճարները: Բեռնափողադրող ընկերությունները նախորդ շաբաթ կրկնապատկել են Հայաստան ներմուծվող հագուստից գանձվող տուրքերի դրույքաչափը:

Առեւտրականների խոսքով` 1 կգ ապրանքի համար սահմանված վճարը 4 դոլարից դարձել է 8 դոլար: Այս մասին նրանք իմացել են այն ժամանակ, երբ ապրանք գնելու համար արդեն Թուրքիայում են եղել:

«Խաբեցին, տոմսերը վաճառեցին, բոլորին ուղարկեցին, հասան Ստամբուլ, նոր հայտարարեցին` ճանապարհին 5 դոլար, հետո` 8 դոլար: Ինչ վիճակ էր, որ Ստամբուլում ժողովուրդը միտինգ էր անում», - պատմեց առեւտրականներից մեկը:

Իրենց հարցին լուծում չտալու դեպքում առեւտրականները պատրաստ են օրերով գիշերել Կառավարություն շենքի բակում: Իրենց ապրանքներով լի բեռնատարները նրանք թողել են անցակետերում:

Կառավարության նամակների բաժնի պատասխանատու Ալեքսանդր Սարգսյանն առեւտրականներին փոխանցեց, որ Կառավարությունը այդ վճարները բարձրացնելու մասին որոշում չի ընդունել, դա սահմանել են մասնավոր բեռնափոխադրող ընկերությունները:

«Կառավարությունը այս հարցում ձեզ համար միջնորդի դեր է կատարելու: Փորձելու ենք հասկանալ, թե խնդիրը ինչումն է, եւ ինչ է հնարավոր անել: Հիմա այդ պրոցեսն է գնում», - ասաց Սարգսյանը:

Մինչ առեւտրականները իրենց խնդրի լուծումն էին Կառավարությունից պահանջում, Երեւան քաղաքի պարեկապահակային ծառայության գնդի հրամանատարի տեղակալ Խաչիկ Ավետիսյանը պարեկապահակային գնդի հրամանատար Վալերի Օսիպյանի ներկայությամբ ոստիկաններին բառացիորեն հրամայեց Կառավարության շենքի բակից «մաքրել ժողովրդին»:
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG