Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ-ի Բյուրոն կքննարկի Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի ստեղծման նախագիծը


Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մեւլութ Չավուշօղլու
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մեւլութ Չավուշօղլու
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ, ազգությամբ թուրք Մեւլութ Չավուշօղլուն երեկ հրավիրած ասուլիսում հայտարարել է, որ Վեհաժողովում Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի ստեղծման մասին նախագիծը ուրբաթ օրը ներկայացվելու է Եվրոպայի խորհրդի Բյուրոյին:

«Այս հարցը քննարկվելու է հունվարի 28-ին ԵԽԽՎ-ի լիագումար նիստի ընթացքում: Կարծում եմ` Բյուրոն որոշում կկայացնի», - ասել է Չավուշօղլուն ու հավելել, թե Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովը կրկին կսկսի գործել եւ կաշխատի նախկին հանձնաժողովի լիազորությունների շրջանակում:

Մեւլութ Չավուշօղլուն մամլո ասուլիսում նաեւ ընդգծել է, թե ենթահանձնաժողովի ստեղծումը իր անձնական նախաձեռնությունը չէ, դա իր պարտավորությունն է իբրեւ Վեհաժողովի նախագահ:

Ըստ էության վստահ լինելով, որ Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովը ստեղծվելու է, Չավուշօղլուն անդրադարձել է նաեւ այդ ենթահանձնաժողովի նախագահի թեկնածության հարցին, նշելով, որ իր կարծիքով` Բյուրոն կընտրի օբյեկտիվ նախագահի:

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամները բազմիցս դեմ են արտահայտվել այս ենթահանձնաժողովի ստեղծմանը:

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ներկայացնող Նաիրա Զոհրաբյանը Ստրասբուրգից «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշեց, որ եթե Ղարաբաղի հարցով այդ ենթահանձնաժողովը այնուամենայնիվ ստեղծվի, հայաստանյան պատվիրակությունը պետք է բոյկոտի այդ հանձնաժողովի ստեղծման աշխատանքները:

«Տեղյակ եմ, որ Վեհաժողովի նախագահը մտադիր է վերկենդանացնել 1416 բանաձեւով առաջարկած հատուկ ենթահանձնաժողովը Ղարաբաղի հարցով: Եթե դա հաջողվի, ապա հայկական պատվիրակությունը պիտի չմասնակցի այդ ենթահանձնաժողովի աշխատանքներին: Նախկինում մի քանի հանդիպումներ եղել են, պատվիրակությունից մասնակցում էին պարոն [Դավիթ] Հարությունյանը եւ պարոն Արմեն Ռուստամյանը: Ես կարծում եմ` երկուսի տեսակետն էլ միանշանակ այն է, որ նման հանձնաժողովի վերաստեղծումը ուղղակիորեն անընդունելի եւ անթույլատրելի է, եւ ես հույս ունեմ, որ իմ գործընկերները տարբերակներ կգտնեն հիմնավորելու, որ չի կարող օգուտ բերել նման հանձնաժողովի գործունեությունը: Ավելին` դա կարող է ուղղակիորեն վնասել Ղարաբաղի հարցով Մինսկի խմբի մանդատի ներքո ընթացող գործընթացին»:

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար, Հանրապետական Դավիթ Հարությունյանը հրաժարվեց պատասխանել «Ազատություն» ռադիոկայանի հարցերին:

Մինչդեռ, իշխող Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ Հայաստանի իշխանությունները դեմ են Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի ստեղծմանը, իսկ եթե կողմերից մեկը դեմ է այդ հանձնաժողովի ստեղծմանը, նման կառույցը լիարժեք աշխատել չի կարող:

«Պարոն Չավուշօղլուն շատ հաճախ մոռանում է, որ ինքը ԵԽԽՎ նախագահ է, եւ իրեն պահում է որպես Արդարություն եւ զարգացում կուսակցության ներկայացուցիչ: Չպետք է Եվրոպայի խորհուրդը շփոթել Թուրքիայի Հանրապետության հետ», - հայտարարեց Հանրապետականի խոսնակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG