Մատչելիության հղումներ

«Ցեղասպանության 100-ամյակին պիտի ունենանք ֆիլմ, որը կարողանանք աշխարհին ցույց տալ»


Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյան
Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյան

Հայաստանի Ազգային կինոկենտրոնը պատրաստվում է Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ գեղարվեստական ֆիլմ նկարահանել` արտասահմանյան անվանի կինոգործիչների ներգրավմամբ:

Այս մտադրությունը, որի մասին Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը հայտարարել էր դեռ անցյալ տարի, նա օրերս մեկ անգամ եւս նա հաստատեց` նշելով, որ Ազգային կինոկենտրոնի գեղարվեստական խորհուրդն այլեւս չի գործում, բայց դրա փոխարեն գործում է փորձագետների խումբը, որը եւ լուրջ աշխատանք է ծավալել այդ ուղղությամբ:

«Մենք այսօր պատրաստվում ենք ցեղասպանության մասին ֆիլմի, մենք արդեն մտածում ենք, արդեն առաջին քայլերն ենք անում եւ բանակցություններ ենք սկսել մեծ արվեստագետների հետ` Սթիվեն Զեյլյանի, [Սթիվեն] Սփիլբերգի, Ալեքսանդր Պենի հետ հիմա բանակցում ենք», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Գեւորգ Գեւորգյանը` հավելելով. - «Արդեն թուրքական մամուլը հեղեղվել է, եւ գրել են, որ ավելի վտանգավոր է Ազգային կինոկենտրոնի նախաձեռնությունը, քան [ԱՄՆ-ի] Կոնգրեսի կողմից ցեղասպանության ընդունումը»:

Մեծ եղեռնի մասին պատմող գեղարվեստական ֆիլմը, ըստ Ազգային կինոկենտրոնի տնօրենի, պետք է շատ հզոր եւ լուրջ ֆիլմ լինի: Իհարկե, լավ ֆիլմեր շատ են նկարահանվել, բայց այս նոր նկարահանվելիք ֆիլմը իսկապես պետք է շատ բան ասի մարդկությանը. - «Եվ պետք է իսկապես ֆիլմ անել մոտավորապես այն որակի, ինչպես «Շինդլերի ցուցակը» արեցին հրեաները, եւ կարծում եմ, որ մենք իրավունք չունենք վատ ֆիլմ անելու, մենք 100-ամյակին պիտի ունենանք ֆիլմ, որը կարողանանք աշխարհին ցույց տալ` ե'ւ ֆիլմը իր որակով, ե'ւ ասելիքով պիտի համապատասխանի»:

Թերեւս դա է պատճառը, որ ֆիլմարտադրողներին փնտրում են ոչ միայն Հայաստանում, այլեւ աշխարհի լավագույն կինոստուդիաներում:

«Մենք փորձում ենք այստեղ ներգրավել ոչ միայն հայ, եթե կարելի է` նաեւ այլազգի կինոգործիչների, որովհետեւ նույն Սթիվեն Զեյլյանը, որը ազգությամբ հայ է, գրեց «Շինդլերի ցուցակի» սցենարը», - ասաց Գեւորգ Գեւորգյանը` ընդգծելով. -«Այսինքն` հրեական պրոբլեմը բարձրացրեց հայը, իսկ ինչո՞ւ չի կարող որեւէ այլազգի փորձել նաեւ մեր պրոբլեմը ներկայացնել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG